ՀՀ կառավարությունը վերջին նիստում ուշագրավ գործարք է կատարել. հավանություն է տվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած նախագծին, որով լիազորել է Երևանի քաղաքապետին Փավստոս Բուզանդի փողոցին հարող մոտ 400 քմ տարածքում ՀՀ-ի անունից հողամասի օտարման պայմանագիր կնքել «Մ.Ս.Գ. ԳՐՈՒՊ» և «ՀԱՐՄՈՆԻ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԱԼ» ընկերությունների հետ և նոր կառուցապատող ճանաչել «ՀԱՐՄՈՆԻ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԱԼ»-ին: Ստացվում է՝ կառավարությունը պետական կարիքների համար օտարում է տարածքը, հետո կառուցապատողի հետ վերավաճառում է կառուցապատման իրավունքը:
Գործարքի պատմությունը հետևյալն է. 2007 թվականին փոքր Կենտրոնի այդ տարածքը կառավարությունը բացառիկ՝ հանրային գերակա շահ է ճանաչել: Այնուհետև տարածքը կառուցապատման է տրվել ԲՀԿ-ական պատգամավոր, «Բելաջիո» ռեստորանային համալիրի սեփականատեր Գրիգորի Մարգարյանի հիմնադրած «Մ.Ս.Գ. ԳՐՈՒՊ» ընկերությանը, որը պետք է մինչև 2010 թվականը ավարտին հասցներ կառուցապատման ծրագիրը: Սակայն առ այսօր կառուցապատումն իրականացված չէ: Ըստ Տարոն Մարգարյանի ներկայացրած նախագծի, որն արդեն ընդունվել է, տարածքում իրացման աշխատանքներն ավարտվել են ամբողջությամբ, այսինքն՝ Կենտրոնի նախկին բնակիչները տեղափոխվել են, սակայն քաղաքաշինական ծրագիրն ամբողջությամբ իրականացված չէ:
«Մ.Ս.Գ. ԳՐՈՒՊ»-ը որևէ պատասխանատվություն չի կրել բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված տարածքում շինարարական ծրագիրը չկատարելու համար և այժմ էլ որոշել է քաղաքապետարանի ու կառավարության օգնությամբ վաճառել կառուցապատման իր իրավունքը «ՀԱՐՄՈՆԻ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԱԼ» ընկերությանը, որը նախկին կառույցի փոխարեն տարածքում պետք է հյուրանոց կառուցի մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը:
Ուշագրավն այն է, որ կառավարությունը բացառիկ գերակա շահ ճանաչված տարածքը այժմ էլ վստահում է մի ընկերության, որի մասին տվյալներ համացանցում չկան, որը Պետռեգիստրում գրանցվել է անցյալ տարվա դեկտեմբերին միայն, և որի հիմնադիրն է Մերի Գրիգորյան անուն-ազգանունով քաղաքացի: Ի դեպ, մեզ հետ զրուցած կառուցապատողները նման ընկերության մասին չէին լսել:
ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ճիշտ է, ինքն է հիմնադրել «Մ.Ս.Գ. ԳՐՈՒՊ» ընկերությունը, սակայն այն վաճառել է և կառավարության հետ «Մ.Ս.Գ. ԳՐՈՒՊ»-ի գործարքի մասին չի հիշում: «Ճիշտն ասած, ես չեմ հիշում նմանատիպ բան, որովհետև արդեն անցել է 7 տարի, 7 տարվա բանը չեմ կարող ես հիշել»,- հայտարարեց պատգամավորը: Մեր դիտարկմանը, թե դա խոշոր գործարք է կառավարության հետ, ինչպե՞ս կարող է չհիշել, պատգամավորը հակադարձեց. «2007 թվականից հետո 7 տարի է անցել, ես չեմ տիրապետում այդ ինֆորմացիային: Ուրիշն է վերցրել, թե վաճառել է, ինչ է արել` ես չեմ իմանում, ճիշտն ասած»:
Թե ում է վաճառել իր հիմնադրած ընկերությունը` Գրիգորի Մարգարյանը նույնպես «չէր հիշում»: «2003 թվականից ես պատգամավոր եմ, համաձայն օրենքի` ես եթե եղել եմ հիմնադիր, գործունեությամբ չեմ զբաղվել: Ես օրենքը չեմ խախտել, դրա համար պարտադիր չի, որ ես իմանամ՝ ինչ է կատարվել էդ ֆիրմայի հետ»,- հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, թե ինքը «իրավունք չուներ» կառավարության հետ որևէ պայմանագիր կնքել:
Ըստ պայմանագրի՝ ընկերությունները ստանձնել են պայմանագրային պարտավորություն` զերծ պահել պետությանը ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում կամ հետևանքով` կապված սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության և օտարման գործընթացի համար սահմանված ժամկետի խախտման հետ, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրի իրականացման հետ: Ակնհայտ է, սակայն, որ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված տարածքում նախկին ծրագիրը չի կատարվել, և որևէ պատասխանատվություն դրա համար չի եղել:










































