Ղրիմի նախադեպի տարածումը Ուկրաինայի հարավարևելյան հատվածի վրա կարող է բերել ռուս-ուկրաինական աննախադեպ պատերազմ: Այսօր «Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի տաղավարում «Ղրիմ. վե՞րջ, թե՞ սկիզբ» խորագրով ուղիղ հեռարձակմամբ քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով այսօր Ղրիմում տեղի ունեցած՝ միջազգային հանրության կողմից ապօրինի որակված հանրաքվեին հաջորդելիք աշխարհաքաղաքական լարվածության հնարավոր նոր ալիքին:
Նա նշեց, որ հանրաքվեի արդյունքներից անակնկալ սպասել չէր կարելի, քանի որ դրանք հրապարակվել են Ղրիմի տարածք ներխուժելու ՌԴ վճռով: Նրա համոզմամբ` աշխարհը կապրի էսկալացիայի մի նոր փուլ, հատկապես երբ մինչև հանրաքվեն երկու կողմերը` և՛ Արևմուտքը, և՛ ՌԴ-ն, որոշակի մեսիջների փոխանակություն էին կատարել, գործողության մեջ դրել պատժամիջոցներ, ռուսաստանցի պաշտոնյաների ցուցակներ, ակտիվներ, այսինքն` համենայն դեպս, փորձել էին հասկացնել, որ ՌԴ-ն ձեռնպահ մնա հանրաքվե անցկացնելուց: Սակայն, Սաֆարյանի կարծիքով, Արևմուտքը թյուր կարծիք ունի ՌԴ-ի մասին, թե այս պատժամիջոցները կկանգնեցնեն ՌԴ-ին:
«Մայդանի հաղթանակը ՌԴ-ն ընկալեց որպես պարտություն, ՌԴ-ն փրոձում է պարտությունը վերածել որոշակի հաղթանակի՝ պոկելով Ղրիմն Ուկրաինայից և հարված հասցնելով Ուկրաինային»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նրա դիտարկումներով՝ իրավիճակն Ուկրաինայի շուրջ սրվեց, երբ ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին խոսակցություններ վերստին դրվեցին քննարկման: ՌԴ-ն դեմ է եղել հենց Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցությանը, ՆԱՏՕ-ի առաջիկա վեհաժողովին, որտեղ անդամակցության հեռանկար կստանան Մոլդովան, Վրաստանը:
«Այս լարվածության պատճառը նույնն էր, ինչ մի քանի տարի առաջ Վրաստանում ռուս-վրացական պատերազմի ժամանակ, և Սաակաշվիլին ճիշտ էր, որ այդ պատերազմն անխուսափելի էր»,- նշեց նա, ապա հավելեց, որ մինչ այս էսկալացիան ՌԴ-ն Ուկրաինայի շոււրջ երկխոսության հրավիրեց Արևմուտքին, սակայն Արևմուտքը փակեց ՌԴ-ի հետ խոսակցության թեման: ՌԴ-ին մնում էր կա՛մ խոսել Ուկրաինայի նոր իշխանության հետ, կա՛մ ճգնաժամ հարուցել, քանի որ ՌԴ-ի համար գլոբալ ճգնաժամ հարուցելը բազարի լավագույն հնարավորությունն էր:
Ներկայիս իրավիճակը, Սաֆարյանի խոսքով, ՌԴ-ն մղում է անկանխատեսելիության, ռիսկերի, և այս կտրվածքով պետք է ասել, որ ՌԴ-ն ինքն իր համար փակել է նահանջի ճանապարհները, կորցրել խնդիրները քաղաքակիրթ կերպով լուծելու ճանապարհները: Այն, ինչ անում է Պուտինը, խելահեղություն է: «Պուտինին պատկերացնում ենք խելագար, խելահեղ, բայց եկեք չմոռանանք, որ իր կոնցեպցիան բազմաբևեռ աշխարհն է: Պուտինը հավատում է, որ ՌԴ-ն իր բարձունքի վրա է, և գուցե սա պատեհ առիթ է՝ դնելու վարագույրը և խաղալու բևեռի դերը:
Այնպես չէ, որ մենք մտածենք, որ ՌԴ նախագահն իր քայլով իռացիոնալի մեջ է. հենց սա է բազմաբևեռ աշխարհը: Այն, ինչ արեց ՌԴ-ն, տեղավորվում է ռացիոնալության սահմաններում, ՌԴ-ն պետք է դա աներ հենց հիմա, այլապես ուշ էր լինելու:
ՌԴ գործողությունները ամենևին չպլանավորված չեն, ՌԴ-ն հենց հիմա պետք է աներ դա: Ի դեպ, մինչ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով Վրաստանի, Մոլդովայի ուղղությամբ քայլեր պետք է սպասենք»,- մեկնաբանեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Նա մի մտավախություն հայտնեց, որ զարգացումները գնում են լուռ համաձայնության Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Ղրիմը՝ ՌԴ-ի հետ, Ուկրաինան` Արևմուտքի: «Վիլնյուսից հետո, Ռիգայից առաջ Ուկրաինայի առջև բացվում է ԵՄ ազատ շուկան, բայց մեկ բան էլ կա այս երեք երկրների համար. Վիլնյուսից հետո, Ռիգայից առաջ պետք է միացնել Եվրոպայի ընդհանուր անվտանգության համակարգին, այսինքն` ապահովել որոշակի հուսալի անվտանգության թաղանթով՝ մինչ ՆԱՏՕ անդամակցության հեռանկարի տրամադրումը:
Եվրոպան հասկանում է, որ այս վակուումի մեջ այս երկրներն անպաշտպան են, ինչ-որ միջանկյալ լուծում պետք է գտնել: Հարավարևելյան Ուկրաինա ԵՄ-ն լեգալ մուտքի հնարավորություն կստեղծի, որքան էլ ճգնաժամեր լինեն: Այդ տարածքում ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն որոշակի մուտք և վերահսկողություն կունենան, իսկ հանրաքվեն այդ շրջաններում կկանխվի:
Ղրիմում այլ է, անգամ այդ տարածքի պատմությունն այլ է, քան Ուկրաինայի արևելյան հատվածինը: Եթե Ղրիմում Կիևը հնարավորություն չուներ համարժեք պատասխանելու, Արևելքում ունենալու է հնարավորություն, ունի մարմիններ: Ղրիմի նախադեպի տարածումը Ուկրաինայի հարավարևելյան հատվածի վրա կարող է բերել ռուս-ուկրաինական աննախադեպ պատերազմի»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նրա կարծիքով` Մինսկի խմբի հետ կապված ռիսկեր են ի հայտ եկել: «Մայնդորֆից հետո ՌԴ-ին թույլ տրվեց իր հովանու ներքո հանդիպումներ կազմակերպել: ՌԴ-ն պարզ հասկացրեց, որ իր վտանգված իմիջն է ուզում փրկել: Արևմուտքը դա թույլ տվեց անել, իսկ հիմա Արևմուտքը թույլ չի տա դա անել: Արևմուտքը հանեց, դուրս շպրտեց ՌԴ-ին «Մեծ ութնյակից»: Այսօր Արևմուտքը չի տա այդ շանսը: Արևմուտքն անում է քայլեր, որպեսզի վատթարացնի այդ հեղինակությունը»,- ասաց նա` շարունակելով, որ կարևոր է հասկանալ Սև ծովում ռուս-թուրքական հարաբերությունների բնույթը: Նրա համոզմամբ, եթե ունենանք բախումնային կոնֆիգուրացիաներ ՌԴ-ի և Թուրքիայի միջև, շատ լուրջ փոփոխության կարող է ենթարկվել ԼՂ ստատուս քվոն: Ըստ նրա` ակնհայտ է, որ Միսնկի խմբի շուրջ Ռուսաստանն ու Ադրբեջանը համակարծիք են եղել, այն ձեռնտու չէ այդ երկրներին, ուստի պետք է սպասել ու տեսնել` Արևմուտքը կփորձի՞ պահել այդ ձևաչափը, թե՞ ոչ:








































