«Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երեկվա հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, սակայն քննարկման բովանդակության վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զույցում ոչինչ չասաց:
«Քննարկումները շարունակվելու են, քանի դեռ որևէ հարցի, խնդրի շուրջ վերջնական մոտեցում չի կայացվել, ընդհանրապես ճիշտ կլինի զերծ մնալ մեկնաբանություններից: Եթե վերջնական միասնական մոտեցում լինի, նոր մեկնաբանելը ճիշտ կլինի, չէի ցանկանա հիմա կոնկրետանալ: «Ժառանգություն» կուսակցության տեսակետը մնում է նույնը՝ պահանջել ամբողջական իշխանափոխություն»,- ասաց Մարտիրոսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Հետաքրքրվեցինք նաև՝ ի՞նչ է մտածում այն քննադատությունների մասին, որ Մարտի մեկին «Ժառանգությունը» «Փաստահավաք խմբում» ներկայացուցիչ ուներ, ով ստորագրել էր ԲՀԿ-ի մասնակցության վերաբերյալ զեկույցի տակ, Մարտիրոսյանն ասաց. «Այսինքն՝ «Փաստահավաք խումբը» ասել է, որ «Բարագավաճ Հայաստանը» մասնակցե՞լ է»։
Դիտարկմանը, թե Ծառուկյանի թիկնապահների վերաբերյալ տեղեկություններ կային, մեր զրուցակիցն ասաց. «Աղբյուրը, որտեղից որ եկել են այդ տեղեկություները, իրենք ավելի լավ կներկայացնեն այդ պարզաբանումը, քան ես»: Մեր հարցին՝ նկատի ունի Կոնգրեսի՞ն, Մարտիրոսյանն ասաց. «Նաև»։
Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Այս փուլում այդ համագործակցությունն անդրադառնում է անցյալ փուլին: Ինչքան որ ԶՄ-ները թույլ են տալիս, և ես տեսնում եմ՝ այդ համագործակցությունը խնդիրներ է դնում ապագայի համար: Ես կարծում եմ՝ այստեղ կա ներքին պայմանավորվածություն չանդրադառնալ այն դիրքորոշումներին, որոնց կրողն են եղել այս կամ այն քաղաքական ուժերը»:
Դիտարկմանը՝ չանդրադառնալ, փաստորեն, 10 զոհերին, Ալավերդյանն ասաց. «Չանդրադառնալ դիրքորոշումներին կամ ակտիվությանը, ես հասկանում եմ, դուք ասում եք՝ եթե այն ժամանակ ԲՀԿ-ն չի արտահայտվել և այլն…»: Մեր պարզաբանմանը, թե նկատի ունենք ԲՀԿ-ի մասնակցության փաստը՝ ներկայացված «Փաստահավաք խմբում», որի տակ ստորագրել է նաև «Ժառանագության» ներկայացուցիչը. «Ես կրկնում եմ, ես այստեղ չեմ կարող տալ ոչ գնահատական, ոչ էլ կարծիք: Իմ համոզմունքն այն է, որ բոլոր նրանք, որ ստորագրություն են դնում կամ այլ, նրանք ստորագրություն են դնում ապագա համագործակցության վերաբերյալ: Ես ինքս կարող է մերժեմ այդպիսի մոտեցումը կամ համաձայնեմ, բայց իմ գնահատականը այն է գործընթացի վերաբերյալ, որ ուղղված է ապագա խնդիրների լուծմանը»:











































