Իրանի հայ մշակութային «Արարատ» կազմակերպության (ՀՄԱԿ) 70-ամյակի առիթով Զվարթնոց տաճարի տարածքում իրականացվեց հոբելյանական ծառատունկ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռեյիսիի մասնակցությամբ:
Ծառատունկին ներկա էին անվանի արվեստագետներ Լորիս Ճգնավորյանը, Արսեն Գրիգորյանը ու այլոք, մեծ էր նաև կազմակերպության անդամ դպրոցների աշակերտների թիվը:
Իրանի հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունը, բոլոր ներկաների՝ թե դեսպանի, թե նախարարի խոսքով, մեծ ներդրում ունի ազգային ոգով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության, հայապահպանության, հայ արվեստի զարգացման գործում: Միության անդամներից շատերն Իրանում, Հայաստանում, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի հայ համայնքներում շարունակում են իրենց ավանդը ներդնել մշակութային և կրթադաստիարակչական ասպարեզներում` օգտագործելով իրենց ուսուցիչներից փոխանցված փորձն ու հմտությունները:
Միջոցառման բացման արարողությունից հետո հյուրերը ծանոթացան ծառ տնկելու հմտություններին և սկսեցին ծառատունկը՝ խոստումով, որ անձամբ կմասնակցեն նաև իրենց տնկած ծառերի բերքահավաքի արարողությանը:
Մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ տեսանյութի միջոցով:








































