ԱՄՆ Տեխաս նահանգի Հարիս շրջանի ընտանեկան բապտիստական եկեղեցու արդեն նախկին հովիվ Սթիվեն Բրեթոնը մեղադրվում է իր դեռահաս-զարմուհու նկատմամբ բազմակի սեռական ոտնձգության մեջ, որոնք նա թաքցրել է մի քանի տարի: Այս մասին հաղորդում է The Houston Chronicle պորտալը:
Ինչպես հաստատել է հետաքննությունը, Բրեթոնը տուժողին, որի անունը չի բացահայտվում, «անպատշաճ հպումների» է ենթարկել, որոնք 2013-2015 թթ. վերաճել են «օրական մի քանի անգամ կամ շաբաթական մի քանի անգամ սեռական հարաբերությունների»: Ըստ տուժողի, այդ ժամանակ նա 13 տարեկան է եղել:
Հաղորդվում է, որ այս տարվա մայիսի 15-ին հովիվը ստեղծված իրավիճակի մասին հայտնել է իր կնոջը, որն առավոտյան ժամը 4-ին հեռախոսով այդ մասին պատմել է ամուսնու գործընկերներին: Մի քանի ժամ անց Բրեթոնն արդեն խոստովանել է մյուս հովիվներին, որ մեղք է գործել: Հենց նրանք էլ որոշել են կատարվածի մասին տեղեկացնել տեղի շերիֆին, որը քրեական հետաքննություն է սկսել:
Դրանից հետո հովիվը հեռացվել է եկեղեցուց, իսկ մայիսի 19-ին կիրակնօրյա ծառայության ընթացքում բոլոր ծխականները տեղեկացվել են դատական հայցի մասին: Տղամարդը կալանավորվել է: Սակայն, 50 հազար դոլար գրավի դիմաց 43-ամյա Բրեթոնն ազատ է արձակվել:
Քահանայի ընտանիքի ճակատագրի մասին չի հաղորդվում:









































