Բաշար Ասադի մասնակցությունը Սիրիայի նախագահական ընտրություններին, որոնք նախատեսված են հուլիսին, լրջորեն կբարդացնի Ժնևում ընդդիմության հետ բանակցությունները՝ կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Եթե նախագահ Ասադը դառնա թեկնածու, շատ դժվար կլինի շարունակել ժնևյան խաղաղ գործընթացը, որի ընթացքում մենք փորձում ենք օգնել սիրիացիներին ստեղծել իշխանությունների անցումային մարմին»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքերով՝ այս իրավիճակը մտահոգության տեղիք է տալիս:
Պան Գի Մունը նաև Ռուսաստանին և Իրանին կոչ է արել օգտագործել իրենց ազդեցությունը և «Սիրիայի իշխանություններին համոզել ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել Ժնևի բանակցություններին»:











































