Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հույս է հայտնել, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի այցը բեկումնային կդառնա Թեհրանի և Տոկիոյի հարաբերություններում: Այդ մասին հունիսի 13-ին հայտնել է Tasnim գործակալությունը:
«Իրանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ համագործակցության զարգացմանը, և մենք հուսով ենք, որ ներկայիս այցը բեկումնային կդառնա Թեհրանի և Տոկիոյի հարաբերություններում»,- Ռոուհանիի խոսքը մեջբերել է գործակալությունը: Նա ընդգծել է, որ Իրանը շահագրգռված է կապերի զարգացմամբ, հատկապես տնտեսական ոլորտում: Ռոուհանին դրական է արձագանքել Իրանի հարավային նահանգների նախագծերում ներդրումներ իրականացնելու ճապոնական կողմի ցանկությանը: «Թեհրանը ողջունում է ճապոնական ներդրումները Չաբահար նավահանգստի և Մեկրան ափամերձ գոտու շրջանում»,- նշել է նա: Սինձո Աբեն պաշտոնական այցով Թեհրան է ժամանել հունիսի 12-ին՝ դառնալով 41 տարվա ընթացքում Ճապոնիայի՝ Իրան այցելած առաջին վարչապետը: Ճապոնիայի կառավարության՝ Իրան այցելած վերջին ղեկավարը եղել է Տակեո Ֆուկուդան: Դա տեղի է ունեցել 1978 թվականին՝ դեռ նախքան շահի տապալումը և իսլամական հանրապետության կազմավորումը: Այսպիսով, Աբեն դարձել է Ճապոնիայի՝ իսլամական հանրապետություն այցելած առաջին վարչապետը: Այցի ընթացքում, որը կտևի հուլիսի 12-ից մինչև 14-ը, պլանավորված են Ճապոնիայի վարչապետի հանդիպումները Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի և երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ: Ճապոնիայի վարչապետի այցն ընթանում է Տոկիոյի երկու գործընկերների՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների սրման պայմաններում, որը տեղի է ունենում ամերիկյան հակաիրանական պատժամիջոցների խստացման և ռազմական լարվածության աճի ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:









































