Իրանը պատրաստ է համագործակցել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների հետ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, ով Օման է ժամանել պատվիրակության կազմում, որը ղեկավարում է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
«Մեր ուղերձը Պարսից ծոցի երկրներին ուղղված է բարեկամական հարաբերությունների զարգացմանը և համագործակցությանը»,- ասել է նախարարը:
Զարիֆի խոսքերով՝ Իրանը պատրաստ է ամուր, եղբայրական հարաբերություններ հաստատել տարածաշրջանի բոլոր երկրների հետ:
«Տարածաշրջանին պետք չէ ևս մեկ պատերազմ»,-ասել է նա՝ ընդգծելով համագործակցության անհրաժեշտությունը՝ խնդիրները և բարդությունները հաղթահարելու համար:
Իրանի կառավարական պատվիրակությունը՝ նախագահի գլխավորությամբ, Օման է ժամանել նախօրեին: Կողմերը քննարկում են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային առանցքային խնդիրներ և սիրիական ճգնաժամը:










































