Գյումրու բնակչուհին դեռևս երկու տարի առաջ դիմել է քաղաքապետարան՝ իր տան դիմաց գտնվող բակի սեփականաշնորհման խնդրանքով, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Գյումրու քաղաքապետարանից պատճառաբանում են, որ կնոջ դիմումն ընդունել են քննարկման, սակայն այն դեռևս չի ավարտվել:
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ օրենսդրությամբ հստակ սահմանված է, որ նման վարույթները պետք է իրականացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում, առավելագույնը՝ 30 օրում, իսկ հատուկ դեպքերում, երբ ընդունվում է ժամկետը երկարաձգելու որոշում, դրա մասին սահմանված կարգով պետք է ծանուցել մասնակիցներին:
Փաստորեն, բնակչուհու՝ Գյումրու քաղաքապետարան հասցեագրած դիմումին մեկ տարուց ավել ժամանակահատվածում պատասխան չի տրվել: Դիմումի հիման վրա սկսվել է վարույթ, սակայն խախտվել են դրա իրականացման համար սահմանված ժամկետները և ընթացակարգը:
Ավելին, դրա իրականացման վերաբերյալ քաղաքացուն առհասարակ չեն տեղեկացրել: Այսպիսով, Գյումրու քաղաքապետարանը խախտել է բնակչուհու իրավունքները, և Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում:










































