Գերմանիայի կանցլերը Ռուսաստանին մեղադրել է միջազգային կայունությանը սպառնալիք ստեղծելու համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է բունդեստագում:
Մերկելի կարծիքով՝ Ռուսաստանն Ուկրաինայում տիրող անորոշության փուլում իրեն դրսևորեց ոչ որպես հարևան երկրում կայունության ապահովման գործընկեր, որն Ուկրաինայի հետ ունի պատմական, մշակութային և տնտեսական հարաբերությունների սերտ կապեր: Մերկելը համոզված է, որ Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի թուլությունը:
Գերմանիայի կանցլերը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը խախտում է Ուկրաինայի պետական միասնականությունը:
Կանցլերի խոսքով՝ եթե Ռուսաստանը պատրաստակամություն չցուցաբերի լուծել Ուկրաինայի ճգնաժամը, և եթե առաջիկա օրերին արդյունքներ չգրանցվեն, ապա մարտի 17-ին ԵՄ-ը որոշում կկայացնի երկրորդ աստիճանի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:
Մերկելը նշել է, որ երկրորդ փուլը ներառում է ոչ միայն Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման համար պատասխանատու անձանց այցերի սահմանափակում Արևմուտք և բանկային հաշիվների սառեցում, խոսքը նաև ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի անցկացումը չեղյալ հայտարարելու մասին է:
Եթե Ռուսաստանը շարունակի ապակայունացնել իրավիճակը և հարաժարվի մասնակցել բանակցությունների, ապա կսահմանվի պատժամիջոցների երրորդ աստիճան, որը կշոշափի տնտեսական համագործակցությունը, ասել է նա:
Մերկելն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծել խաղաղ ճանապարհով:











































