Թեհրանում մի խումբ իրանցի ուսանողներ բողոքի ցույց են անցկացրել այն հանդիպումների դեմ, որոնք անցկացրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Թեհրան կատարած այցի ժամանակ, հաղորդում է Press TV իրանական հեռուստաալիքը:
Նախօրեին ցուցարարները հավաքվել են Թեհրանում Ավստրիայի դեսպանատան առաջ՝ դատապարտելու համար Էշթոնի հանդիպումը 2009թ. երկրում ընտրություններից հետո տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցների հետ:
Այն բանից հետո, երբ Էշթոնը, ով Թեհրանում է գտնվել մարտի 8-10-ը, հանդիպել է իրանցի վեց ընդդիմադիր կին ակտիվիստների հետ, Իրանի ԱԳՆ-ն իր դժգոհությունն է հայտնել այս կապակցությամբ:
Բողոքի դուրս եկած ուսանողների կարծիքով՝ այդ հանդիպումը հավասարազոր է Իրանի ներքին գործերին միջամտելուն: Ցուցարարների պաստառների վրա եղել է «Տիկի՛ն Էշթոն, սա Ուկրաինան չէ» գրությունը: Ուսանողներն իշխանություններին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ արտասահմանցի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը քաղաքական ակտիվիստների հետ հետագայում կանխելու համար:








































