Օրերս ԱԺ նիստում պատգամավոր Արման Բաբաջանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից փորձում էր պարզել ՋՕԸ-ներում և, մասնավորապես, Արմավիրի մարզի Արագածավան գյուղում ոռոգման շուրջ ստեղծված անցանկալի զարգացումների պատճառները և կառավարության մոտեցումները այդ խնդիրների կարգավորման ուղղությամբ: Նա նախարարին հիշեցրեց նաև, որ Արմավիրում ՋՕԸ-ի աշխատակիցները փակել են տնօրենի գրասենյակը՝ պահանջելով ընկերության կողմից չվճարված իրենց աշխատավարձերը, որոնց մի մասը նախկինից կուտակված պարտքեր են: Նախարար Պապիկյանի պատասխան-բացատրությունը շատ ավելի գեղարվեստական ու հուզական էր, քան գործնական:
«Խնդիրները լուծելու են համառությամբ և համբերատար աշխատանքով: Իրականում, նախարարությունը միայն առաջիկա օրերին կդառնա Ջրային պետական կոմիտեի լիազոր մարմին, չնայած դրան, ես տարբեր հանձնաժողովներ եմ ղեկավարել և ծանոթ եմ այդ խնդիրներին»:
Ինչ վերաբերում է արագածավանցիների բարձրացրած գերնորմատիվային վճարների հարցին, նախարարը պարզաբանեց, որ քննարկումը շարունակվում է ջրտնտպետկոմում, ընդհանուր հայտարարի են եկել, որ պետք է մոնիթորինգ անցկացնել՝ հասկանալու նրանց կողմից բարձրացված գերնորմատիվային հողերի չափանիշների փոփոխության անհարժեշտությունը։ «Երբ ընդհանուր եզրահանգման կգանք, առիթ կլինի խոսելու, այս փուլում ժամանակավոր լուծում ստացել է խնդիրը»: Ցավոք, նախարարն անտեղյակ էր ՋՕԸ-ի աշխատակիցների աշխատավարձ չստանալու խնդրին և պատգամավորի հարցը չհասկացավ էլ։ «Նույնիսկ չեմ հասկանում, թե խոսքը որ համայնքի տնօրենի աշխատասենյակը փակելու մասին է, քանի որ նման միջադեպերը շատ են։ Սա ունի մեկ բացատրություն՝ մարդկանց մոտ տարիներով կուտակված անարդարությունը և արդարության վերականգնման պահանջը հաճախ ստիպում է քաղաքացիներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել այդ ձևով, մենք էլ մեր իրավասության շրջանակներում փորձում ենք կարգավորել»,- ասաց նա։
Ցավալի է, բայց կառավարությունում շարունակում են «լոզունգային-հրապարակախոսական» (կուտակված անարդարությունը և արդարության վերականգնման պահանջը հաճախ ստիպում է քաղաքացիներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել), քան գործնական դրսևորումները, ինչից կարելի է հետևություն անել, որ գոնե այս հարցում գործող կառավարության մոտեցումները արդյունավետության առումով գրեթե չեն տարբերվում նախորդների մոտեցումներից՝ սկզբունքային, կառավարման հարցերում:
Նախ՝ չնայած այն հանգամանքին, որ պարոն Պապիկյանը հայտարարեց, որ ղեկավարելով տարբեր հանձնաժողովներ, ծանոթ է խնդրին, այդուհանդերձ, նրա խոսքի շարունակությունից հասկացվեց, որ ոչ միայն խնդրին ծանոթ չէ, այլ անգամ ընդհանուր պատկերացում չունի դրա վերաբերյալ: Եթե ճիշտ էր նրա հայտարարությունն առ այն, որ հարցը ջրային տնտեսության և արագածավանցիների միջև քննարկվել է ու գտել են ժամանակավոր լուծում, ապա կառավարության կողմի քննարկողները, նախարարի գլխավորությամբ, պետք է հասկանային, որ հանրապետությունում միայն այս համայնքը չէ, որտեղ գերնորմատիվային ծախսերի հարց կա:
Մասնագիտական գնահատականներով հանրապետությունում 87.68 մլն խմ ջուր տարեկան ավելի է օգտագործվում միայն գերնորմատիվային հողերում: Հետևաբար, այդտեղ պետք է հստակություն մտցվի, որովհետև եթե հարցը արագածավանցիների համար ժամանակավոր լուծվեց, հաջորդ օրը Քարակերտի ժողովուրդն է ճանապարհ փակելու, հետո, ասենք, Շենիկի: Ստացվում է, որ ամեն շաբաթ բանակցություններ են լինելու առանձին բոլոր 55-56 նման համայնքների հետ: Նախարարն ընդհանուր սկզբունքային մոտեցման մասին ոչինչ չասաց, ինչից էլ հետևում է, որ ոլորտի՝ արդեն պատասխանատու նախարարը պարզապես չի տիրապետում իրավիճակին: Մինչդեռ, նա պարտավոր էր նաև որպես տարածքային կառավարման նախարար, որովհետև խնդիրը շոշափում է հանրապետության շուրջ 6 տասնյակ համայնքների բնակիչների շահերը: Ի պաշտոնե պետք է գոնե ծանոթ լիներ «Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքներում իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումների ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշմանը, համաձայն որի՝ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող 15 ՋՕԸ-ների կողմից սպասարկվող 52 համայնքների 26441 հա հողատարածքների ոռոգման արդյունքում լրացուցիչ առաջացած օպերատիվ ցուցանիշների վերաբերյալ, որտեղ շատ հստակ նշվում է, թե որ տարածքում ինչքան գերնորմատիվային հողեր կան, սրանց ոռոգման համար չափից ավելի ինչքան ջուր է օգտագործվում, ինչքան էլեկտրաէներգիա (ինչի համար որ մոնիթորինգ են անում):
Նշվում է, թե այդ ջրի որ մասն է վերցվում տեղական աղբյուրներից, որը՝ Ոռոգում ջրառից և այդպես շարունակ: Այդ փաստաթղթում կա նաև, որ ՋՕԸ-ների դեբիտորական պարտքերի գումարը 3.478.9 մլն դրամ (2006թ.), որոնցից շուրջ 1.1 միլիարդը (31.6%) 15 ՋՕԸ-ների կողմից սպասարկվող գերնորմատիվային 26441 հա հողատարածքների ոռոգման արդյունքում առաջացած պարտքերն են: ՋՕԸ-ները, ջրային տնտեսությունը համատեղ մոնիթորինգի արդյունքում էին եկել նման եզրահանգման և առաջարկել կառավարությանը այդ պարտքը ՋՕԸ-ների հաշվեկշռից հանելու, ինչը սակայն մերժվել էր: Հետևում է, որ ՋՕԸ-ները պետք է այդ գյուղացիներից գանձեին դաշտում փաստացի մատակարարված ջրի ողջ արժեքը, որ մեկ հա-ի համար մի շարք մշակաբույսերի դեպքում կազմում է 70-115 հազար դրամ: Ոչ ի միջի այլոց նշենք, որ նույնիսկ գերնորմատիվայինի պայմաններում կոնկրետ Արագածավանի պտղատու այգիների ոռոգման համար օգտագործվում է 9 հազար խմ ջուր, խաղողի համար՝ 9600 խմ: Եթե սեզոնին գյուղացին այդքան ջուր է տվել մեկ հա-ին, կվճարի 100 հազար դրամի չափով գումար, որին գյուղացիները համաձայն են: Պարզապես ջրային տնտեսությունում մասնագիտական վերլուծություն չի արվում, և խնդիրները չիմացության պատճառով արհեստականորեն բարդանում են: Ճիշտ ոռոգման ռեժիմի դեպքում ջրի օգտագործման ծավալները էլ ավելի քիչ կլինեն, և գյուղացին չի վնասվի:
Ուղղակի նախորդ կառավարությունների կողմից ձևավորված ոչ պրոֆեսիոնալիզմի տրադիցիաները շարունակվում են ու խորանում: Ջրտնտպետկոմի նախագահը բոլորովին պատահական մարդ է, նախարարը ևս ոլորտի հետ առնչվել է ինչ-որ հանձնաժողովներում, մնացած մի քանի պրոֆեսիոնալներին, որպես կաշառակերների ու հակահեղափոխականների կամ վռնդել են համակարգից, կամ մեկուսացրել, ու հիմա չկա մեկը, որ ջրտնտպետկոմի նախագահին ասի, թե համակարգում երբ ինչ է եղել, որտեղից ինչ կարելի է նայել ու այդպես շարունակ, ու սա էլ նախարարին գոնե տարրական ինֆորմացիա փոխանցի: Արդյունքում, կառավարությունում կատարյալ անտեղյակություն է ոռոգման համակարգի հետ կապված հարցերում: Դրա համար էլ բուն գործը թողած ստվերային հողեր են փնտրում: Գողերին, «ստվերային հողատերերին» թող էլի փնտրեն, գտնեն, դատեն, բայց առանց համակարգը քանդելու: Մինչդեռ, ամենից առաջ իրենց չիմացության արդյունքում զբաղված են ոռոգման համակարգը հիմնավորապես, հեղափոխական մեթոդներով փլուզելով:









































