Չափազանց կարևոր է խոսել Կոնգրես-ԲՀԿ համագործակցության մյուս՝ չափազանց կարևոր կողմի մասին: Այն մասին, որ ինչ-որ տեղ միգուցե կարելի էր որևէ կերպ ձևակերպել Ծառուկյանի ներգրավումը համաժողովրդական կամ ժողովրդական պայքարին, բայց տվյալ պարագայում ուղղակի մեծ չափազանցություն է խոսել այդ մասին: Բանն այն է, որ Կոնգրեսն ինքն է ներգրավվում Գագիկ Ծառուկյանի, Վարդան Օսկանյանի և վերջապես` Ռոբերտ Քոչարյանի ծրագրերի մեջ:
Այսինքն` ոչ թե Ծառուկյանն ու ԲՀԿ-ն են անցնում ժողովրդի կողմը և միանում ժողովրդական կամ քաղաքացիական շարժմանն ընդդեմ բռնապետական համակարգի կամ տոտալիտար համակարգի, այլ Հայ ազգային կոնգրեսը համառորեն փորձում է իր հետ միասին նաև ժողովրդին տանել ու միացնել ԲՀԿ-ին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին: Այսինքն` ժողովրդին տանել ու միացնել այն մարդկանց, որոնք կազմում են բռնապետական կամ տոտալիտար համակարգի մաս, ընդ որում` էական, զգալի, առանցքային մաս՝ երկու մասերի առնվազն կեսը, և որոնք ընդամենը ներհամակարգային կռիվ են մղում գեղեցիկ և դեմոկրատական հռչակագրերի, հայտարարությունների ու կոչերի տակ:
Այս պարագայում մնում է հասկանալ, թե իսկ ինչ է մղում ՀԱԿ-ը համանման գեղեցիկ տրաֆարետների տակ, երբ փորձ է անում ներհամակարգային պայքարը որակել իբրև բուրժուադեմոկրատական հեղափոխություն և այսպիսով արդարացնել իր քաղաքական ձախողումներն ու մարգինալացման այն շեմը, որում հայտնվել է որպես միավոր: Սա ոչ այլ ինչ է, քան փախուստ իրականությունից, ցանկալին իրականության տեղ ընդունելու ջանք: Սակայն սա միգուցե երևույթի ազնիվ բնորոշումն է, որովհետև կարող է լինել նաև առավել վտանգավորը՝ հանրությանը գիտակցված մոլորեցնելու փորձ, որ կարող է տեղի ունենալ ստվերային որևէ գործարքի կամ ընդամենը զուտ անձնական հաշվարկների հիման վրա:
Ընդ որում` անձնական հաշվարկները ամենևին էլ չեն ենթադրում նյութական բարիքներ, թեև իհարկե սա էլ պետք չէ բացառել: Սակայն հավանական է ընդամենը եսակենտրոնության պարագան, որը ստիպում է գնալ նաև այդպիսի քայլերի, առավել ևս, երբ այլ քայլերի կարողություն կամ հեռանկարներ չեն էլ նշմարվում:
Բարեբախտաբար, Հայաստանի հասարակությունը անցած երկու տասնամյակի ընթացքում բավականին հաջողել է իր քաղաքական դաշտը ճանաչելու հարցում և այդօրինակ մոլորությունների կամ խաբեությունների հաջողության հավանականությունը բավականին փոքր է կամ գրեթե զրո է: Թեև, խոշոր հաշվով, «Բարգավաճ Հայաստանի» համար այդ ամենն արդեն իսկ տվել է իր ցանկալի պտուղները և ներկայումս ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտում հաստատվել է գրեթե անխախտ, ինչը նվազագույն խնդիրն էր, որ լուծում էր այդ կուսակցությունը Կոնգրեսի «հետ» միասին «բուրժուադեմոկրատական» հեղափոխություն իրականացնելով:
Իհարկե ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելուն հանրության զգալի մասը չի հավատում, բայց ԲՀԿ համար դա չէր կարևորը, այլ այն, որ հանրությունը չհավատա որևէ մեկի ընդդիմադիր լինելուն: Ի դեպ, դա կարևոր էր նաև Սերժ Սարգսյանի համար: Իսկ Կոնգրեսը իր «բուրժուադեմոկրատական» հեղափոխությամբ փայլուն կերպով լուծում է այդ խնդիրը:











































