Չինաստանը՝ ժամանակակից աշխարհի խոշորագույն և ամենաազդեցիկ տնտեսական և աշխարհաքաղաքական խաղացողներից մեկը, գնալով ակտիվացնում է իր տնտեսական ծրագրերը Եվրասիայում, և ակտիվանում է նաև մեր տարածաշրջանում։ Արևելքի «վիշապը», մի քանի տարի առաջ նախաձեռնելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (The Belt and Road Initiative) հայտնի տնտեսական ծրագիրը, նպատակադրել է վերականգնել Մետաքսի մեծ ճանապարհը և Ասիան տնտեսապես կապել Եվրոպային։ Հին աշխարհում, միջնադարում Հայաստանը, հայ վաճառականները շատ լուրջ դերակատարում են ունեցել ու եղել են Մետաքսի ճանապարհի կարևոր օղակներից մեկը։ Ու սրանք պարզապես խոսքեր չեն։ Սրա մասին են վկայում գերմանացի և բրիտանացի գիտնականների մի խմբի հետազոտության ապշեցնող բացահայտումները։ Մի քանի տարի առաջ նրանց հրապարակած՝ ժողովուրդների միգրացիայի և խառնակման (խաչասերման) ամենամասշտաբային և առավել ամբողջական քարտեզից պարզվեց, որ հայերն ու չինացիները հեռավոր բարեկամներ են։ Մետաքսի ճանապարհով Եվրոպայի և Չինաստանի միջև առևտուր անող հայերը ավելի մեծ գենետիկ ազդեցություն են ունեցել չինացիների վրա, քան նույնիսկ ճապոնացիները։ Ըստ այս հետազոտության՝ չինացիների գեների 4 տոկոսը հայերից է։ Այսօր՝ արդի փուլում, հայ-չինական պատմական խոր արմատներ ունեցող հարաբերությունների զարգացման նոր հեռանկարներ են բացվում։ Այս առումով Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի այցը Հայաստան շատ մեծ կարևորություն ունի և ինչ-որ տեղ ցույց է տալիս Չինաստանի հետաքրքրությունը թե՛ մեր տարածաշրջանի և թե՛ մասնավորապես Հայաստանի հանդեպ։
Չինաստանը՝ այլընտրանք ռուսական և արևմտյան ուղղություններին
Այսօր, իհարկե, աշխարհը շատ է փոխվել։ Հայաստանը չունի այն ազդեցությունը, որ ուներ Առաջավոր Ասիայում անտիկ դարաշրջանում և վաղ միջնադարում, ու Հայաստանի և Չինաստանի քաղաքական կշիռներն ու տնտեսության ծավալներն էլ, մեղմ ասած, համեմատելի չեն։
Սա չէ, իհարկե, հարցը։ Հարցն այն է, որ չինական ուղղությունը, որը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է, թե՛ շատ հեռանկարային է և թե՛ այլընտրանքային, և այս ներուժը պարզապես չի կարելի չիրացնել։ Վերջին շրջանում հայ-չինական բարեկամական հարաբերությունները, շփումները նկատելիորեն ակտիվացել են։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չինաստան կատարած աշխատանքային այցից ընդամենը երկու շաբաթ անց տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան եկավ Չինաստանի Պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին։ Ընդունելով բարձրաստիճան հյուրին՝ Հայաստանի վարչապետն արձանագրել է՝ վերջին շրջանում Հայաստանի և Չինաստանի միջև հաճախակի դարձած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը, հանդիպումները վկայում են երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի մասին։
Չինացի նախարարի այցի նշանակությունը
Ներկայումս Չինաստանն իր տնտեսական հնարավորություններով և հավակնություններով կարող է մրցել աշխարհի ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների համար: Եվ այդպես էլ կա. ամերիկացիները «չինական դրակոնին» համարում են իրենց հիմնական մրցակից ուժերից մեկը աշխարհաքաղաքական խաղատախտակին և հատկապես տնտեսության ոլորտում։ Չինացիները քաղաքական ու տնտեսական էսպանսիայի քաղաքականություն են իրականացնում գրեթե բոլոր ուղղություններով։ Այս իմաստով՝ Պեկինի համար շատ հետաքրքիր է նաև Հարավային Կովկասը՝ որպես Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի խաչմերուկում ընկած տարածաշրջան։ Չինացի ամենաազդեցիկ գործիչներից մեկի՝ արտգործնախարար Վան Իի այցը պետք է դիտարկել և գնահատել առաջին հերթին հենց այս համատեքստում։
Դուրս չմնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ից
Ընդհանուր առմամբ Չինաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման լայն հնարավորություններ է ընձեռում աշխարհաքաղաքական բարդ վիճակում գտնվող Հայաստանին և կարող է դառնալ Հայաստանի վստահելի դաշնակիցը կամ առնվազն գործընկերը գրեթե բոլոր առանցքային ոլորտներում, այդ թվում՝ ռազմաքաղաքական առումով։ Բայց հայ-չինական երկկողմ հարաբերությունների առնչությամբ, նախ և առաջ, պետք է առանձնացնել ու տարանջատել երկու կարևոր հանգամանք, որոնցից մեկը տնտեսական է, մյուսը՝ քաղաքական։
Առաջին կարևոր հանգամանքը կապված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ, որի շրջանակներում իրականացվող նախագծերին մասնակցելու ցանկություն Հայաստանը, իհարկե, հայտնել է, և դա Չինաստանի նախագահի հետ հանդիպմանը ընդգծեց նաև Հայաստանի վարչապետը։ Բայց գործնական առումով Հայաստանն առայժմ լրջորեն ներգրավված չէ այս հսկայական ծրագրին՝ ի տարբերություն մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի։ Ապրիլի վերջին Պեկինում տեղի ունեցավ «Մետաքսի ճանապարհ» երկրորդ համաժողովը, որի ընթացքում որոշումներ ընդունվեցին մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ, շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, եվրասիական տարածաշրջանի այլ երկրներ, պատկառելի գումարներ ստացան ներդրումային բանկից՝ ավտոճանապարհներ, երկաթուղիներ, կամուրջներ կամ այլ ենթակառուցվածներ կառուցելու և շինարարական տարբեր ծրագրեր կյանքի կոչելու համար։ Բայց Հայաստանը բարձր մակարդակով չմասնակցեց այս կարևոր համաժողովին, ինչի համար երկրի ղեկավարությանը քննադատեցին։ Վարչապետ Փաշինյանի՝ մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած աշխատանքային այցը որոշ չափով լրացրեց այս բացը։ Պեկինում Փաշինյանը Չինաստանի նախագահի, վարչապետի և գործարարների հետ քննարկեց հայ-չինական երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացնելու հեռանկարները, ներդրումային տարբեր ծրագրեր, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները՝ մասնավորապես ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտում։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն իր խոսքում ասաց, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել, մասնավորապես, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանը։ Այսպիսով, Չինաստանը շատ մեծ տնտեսական նշանակություն ունի նաև մեր երկրի համար, և մեր ղեկավարությունը պիտի ամեն ինչ անի չինական ներդրումները Հայաստան բերելու և այս հսկայական ծրագրից դուրս չմնալու համար։

Հայաստանի նշանակությունը Չինաստանի համար այլ է
Բայց մյուս կողմից՝ կան քաղաքագետներ, ովքեր կարծում են, որ Երևանում այնքան էլ լավ չեն ընկալում Չինաստանի քաղաքականությունը, որովհետև Հայաստանը հետաքրքիր է Չինաստանին ոչ թե որպես տնտեսական շուկա, այլ որպես «կարևոր աշխարհագրական մի կետ քարտեզի վրա» և իր հարևաններից մշակութապես տարբերվող երկիր։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը՝ ասելով, որ «այդ կետը» բարեկամ դարձնելու քաղաքական շրջանակներում խոշոր ներդրումներ անպայման կարող են լինել, եթե, իհարկե, Հայաստանում չկարծեն, որ չինացիներն այստեղ ուղղակի բիզնես են ուզում անել։ Բայց չի կարելի Չինաստանը դիտարկել որպես դրամի աղբյուր։
«Չինացիների համար արտաքին ներդրումները նախևառաջ քաղաքական էքսպանսիայի և նոր բարեկամներ ստեղծելու գործոն են»,- կարծում է Հայկ Ա. Մարտիրոսյանը։
Չինաստանը հնարավորություններ է փնտրում Կովկասում
Ռուսաստանցի հայտնի քաղաքական վերլուծաբան, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովն իր հերթին ասում է, որ Չինաստանը տնտեսական հնարավորություններ է փնտրում տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, բայց Հայաստանը տնտեսական առումով ամենահետաքրքիր երկիրը չէ չինացիների համար։
«Չինաստանն ակտիվորեն իր քաղաքականությունն է կառուցում Եվրոպայի և Հարավային Ասիայի ուղղությամբ՝ առաջին հերթին զարկ տալով առևտրատնտեսական երթուղիների կառուցմանը, ընդ որում՝ օգտագործում է եղած բոլոր հնարավորությունները։ Նա այդ հնարավորությունները փնտրում է նաև Անդրկովկասում՝ Հարավային Կովկասում։
Այստեղ որևէ առանձնահատուկ քաղաքական բաղադրիչ չկա, քանի որ այս տարածաշրջանն առաջնահերթություն չէ Չինաստանի համար։ Բայց տնտեսական հնարավորություններ այստեղ իր համար կարող են լինել։ Իհարկե, Հայաստանն այս իմաստով ամենակարևոր ուղղությունը չէ, քանի որ Հայաստանը զգալի չափով մեկուսացած է, իսկ Չինաստանին առաջին հերթին պետք են տարանցիկ երկրները։ Քանի որ Հայաստանն այսօր, ցավոք սրտի, բավական մեկուսացված վիճակում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների պատճառով, Չինաստանին չի հաջողվի լիարժեքորեն օգտվել Հայաստանի տնտեսական հնարավորություններից, բայց որոշ նախագծեր, իհարկե, կարող են լինել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լուկյանովը։
Ինչ վերաբերում է Չինաստանի արտգործնախարարի այցին մեր տարածաշրջան ու մասնավորապես Հայաստան՝ ըստ Լուկյանովի՝ չինացի նախարարի ցանկացած այց այսօր կարևոր իրադարձություն է, քանի որ Չինաստանն այսօր «աշխարհի երկու ամենակարևոր տերություններից մեկն է»։
![]()
Վիզային ռեժիմի չեղարկումը շատ կարևոր է
Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ավելի լավատես է տնտեսական հարցերում և հույս ունի, որ Հայաստանն էլ ինչ-որ ձևով կներգրավվի, կմասնակցի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տնտեսական մեգանախագծի շրջանակներում իրականացվող ծրագրերին։ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Չինաստանի արտգործնախարարի տարածաշրջանային այցը կապված է նաև «Մետաքսի նոր ճանապարհ» նախաձեռնության հետ։ Միջազգայնագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Չինաստանն ակնհայտորեն հետաքրքրված է մեր տարածաշրջանով, և ակնհայտ է նաև այն հանգամանքը, որ Չինաստանը հետաքրքրված է նաև Հայաստանով։ Հենց դրա մասին է վկայում Երևանում չինական նոր դեսպանատան կառուցումը, որը լինելու է եվրասիական տարածաշրջանում Չինաստանի ամենամեծ դեսպանություններից մեկը։
Մեր զրուցակիցը կարևորեց նաև Երևանում հայկական և չինական կողմերի՝ արտգործնախարարների միջև որոշ կարևոր փաստաթղթերի, մասնավորապես՝ «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրումը։ Այսպիսով, այսուհետ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Չինաստան, և չինացի զբոսաշրջիկներն էլ կարող են այսուհետ գալ Հայաստան առանց վիզայի պահանջի։ Սա, իհարկե, դրական ձեռքբերում է նաև երկու երկրների գործարարների համար։
Բարձր մակարդակի հարաբերություններ
Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի և Չինաստանի քաղաքական հարաբերությունները, Սուրեն Սարգսյանի գնահատմամբ, ի տարբերություն այլ գործընկերների հետ մեր հարաբերությունների, չափազանց բարձր մակարդակի վրա են, եթե համեմատենք, ենթադրենք, Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների հետ։
«Մեծ հաշվով՝ Չինաստանը բացառիկ պետություն է, որի հետ մենք որևիցէ քաղաքական լուրջ խնդիր չունենք և տարբեր միջազգային խնդիրների, գործընթացների վերաբերյալ ունենք կա՛մ նմանատիպ, կա՛մ շատ մոտ դիրքորոշումներ։ Սա խոսում է քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների մասին»,- ասում է փորձագետը։
Դիվանագիտական հարաբերություններն ու Արցախի հարցը
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հակիրճ անդրադարձավ հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների պատմությանը նորագույն շրջանում՝ հիշեցնելով, որ Հայաստանի բոլոր չորս ղեկավարները, սկսած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, պարտադիր եղել են Չինաստանում թե՛ աշխատանքային, թե՛ պաշտոնական և թե՛ պետական այցերով։
Այս համատեքստում պետք է նշել, որ Հայաստանը ճանաչում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինչը շատ կարևոր է չինական կողմի համար, Չինաստանն էլ մշտապես շատ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Եվ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ կողմերը միշտ վերահաստատում են իրենց այս դիրքորոշումները և միմյանց շնորհակալություն հայտնում։ Վան Իի երևանյան այցի ընթացքում էլ Չինաստանի արտաքին գործերի նախարարն ու իր հայ գործընկերը անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, և, ինչպես ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքն է հաղորդում, «զրուցակիցները համակարծիք էին, որ հիմնախնդիրը պետք է ունենա խաղաղ և քաղաքական կարգավորում առկա միջազգային միջնորդական ձևաչափի շրջանակներում՝ ի նպաստ տարածաշրջանի ժողովուրդների»:
Այնպես որ՝ հայ-չինական հարաբերությունները, Սարգսյանի խոսքով, քաղաքական տեսանկյունից շատ բարձր մակարդակի վրա են։
Չինական ներդրումներն ու աշխարհաքաղաքականությունը
Չինաստանը, իհարկե, գլոբալ պետություն է, գերտերություն, որը լուրջ ազդեցություն ունի ոչ միայն Եվրասիայում, այլև Աֆրիկայում, ներդրումային մեծ ծրագրեր է իրականացնում տարբեր ուղղություններով։ Այս առումով, իհարկե, Հայաստանը չափազանց հետաքրքրված է չինական պոտենցիալ ներդրումներով. «Ինչպես գիտեք՝ Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն է առաջ քաշել։ Սա գլոբալ տնտեսական մեգանախագիծ է, որի իրագործման ուղղությամբ չինացիներն ակտիվորեն աշխատում են։ Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանն էլ այս նախագծերից որևէ մեկում ինչ-որ ձևով ներգրավված կլինի։ Կարծում եմ, որ արտգործնախարարի տարածաշրջանային այցը զգալի առումով կապված է այս նախաձեռնության հետ։ Ինչևէ, Չինաստանը գլոբալ խաղացող է, և Հայաստանը պետք է այդ գլոբալ խաղացողի հետ ունենա համապատասխան քաղաքական և տնտեսական հարաբերություններ»։
Բայց մյուս կողմից էլ, ըստ Սուրեն Սարգսյանի մեկնաբանության, մեր տարածաշրջանը հետաքրքիր է Չինաստանի նաև աշխարհաքաղաքական առումով, իսկ Հայաստանը հետաքրքիր է Պեկինին Թուրքիայի հետ մեր հարաբերությունների և տարածաշրջանում հավասարակշռված հարաբերություններ ունենալու տեսանկյունից։










































