ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով մանուկների միջազգային օրը:
«Աստված պահապան աշխարհի բոլոր հայ մանուկներին:
Այսօր, շատ երկրներ նշում են երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Եթե ոչ ամեն օր, ապա ժամանակ առ ժամանակ, յուրաքանչյուր հասուն մարդ պետք է ինքն իրեն հաշիվ տա, թե ո՞րն է իր գերագույն հանձնառությունը երեխաների բարեկեցիկ, անվտանգ, խաղաղ ու առողջ ապագայի կերտման հարցում:
Իմ համոզմամբ, կան սկզբունքներ, որոնք անբեկանելի և ընդհանուր պետք է լինեն յուրաքանչյուրի համար: Մասնավորապես այն, որ՝
Ուրիշների երեխաների հաշվին չկառուցե՛նք մեր երեխաների ապագան։
Չապականե՛նք արդարության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության ու բարեկրթության այն միջավայրը, որից վաղը մեր երեխաներն են օգտվելու:
Չդաստիարակե՛նք այնպիսի երեխաներ, որոնցից մյուսները պետք է զգուշանան:
Չսերմանե՛նք այնպիսի արժեքներ, որոնք կօտարեն մեր երեխաներին Հայ տեսակից, ու կդարձնեն անհայտ ծագման կոսմոպոլիտներ:
Եվ ամենագլխավորն՝ ապրենք այնպես, որ մեզ համար երբեք չամաչեն մեր երեխաները:
Գարեգին Նժդեհն ասել է… «տվեք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի հատիկ սերունդ, և ես կապահովեմ Ազգիս տեղն արևի տակ»: Ցավոք, առ այսօր հնարավոր չի եղել կերտել այդպիսի սերունդ:
Թող, որ այդ սերունդը լինեն այսօրվա մեր երեխաները»,- գրել է նա:











































