Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տարածել է տեղեկություն այն մասին, որ նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային Ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու՝ Վահե Գրիգորյանին: Այս տեղեկությունը խիստ հետաքրքիր է, քանի որ երկու օր առաջ խորհրդարանը մերժեց նրա ներկայացրած թվով երրորդ, իսկ նոր խորհրդարանի համար երկրորդ թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին: Մինչ այդ, նոր մեծամասնությունը մերժել էր Գոռ Հովհաննիսյանին: Առաջին անգամ Արմեն Սարգսյանը խորհրդարանին ներկայացրել էր հենց Վահե Գրիգորյանին, սակայն դա հին խորհրդարանն էր, որտեղ դե ֆակտո հին մեծամասնությունն էր որոշողը և մերժողը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետներ Ստեփան Սաֆարյանը, Ռոբերտ Ղևոնդյանը և Բորիս Նավասարդյանը:
«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր քաղաքական պրոցես տեղի ունեցավ,- նշեց Ս. Սաֆարյանը,- ՍԴ անդամին առաջադրելու լիազորությունը սահմանադրորեն նախագահինն է, բայց դե ֆակտո և դե յուրե թեկնածությունը հաստատելու լիազորությունը խորհրդարանական մեծամասնությանն է, և այս քաղաքական դեբատում, երեք թեկնածուների մերժումից հետո, թերևս, նախագահը հասկացավ, որ պետք է առաջադրել մի թեկնածուի, որը կարող էր հաստատվել: Շատերը Վահե Գրիգորյանին համարում են իշխանության մարդ, ես բացարձակապես այդ տեսանկյունից չէի դիտարկի նրա թեկնածությունը: Պետք է հասկանանք, որ լեգիտիմ խորհրդարանական մեծամասնություն գոյություն ունի, և թեկնածուն պետք է լինի նրան բավարարող: Եթե առաջադրվեր այնպիսի թեկնածու, որն իր մասնագիտական որակներով կասկածներ հարուցեր, առաջին քննադատողներից մեկը ես կլինեի»: Քաղաքագետը հավելեց, որ երբեք չէր ընտրի կոմֆորմիստ թեկնածուների, որոնք խուսափում են երևույթներին հստակ գնահատական տալ, սվաղում են իրավաբանական ձևակերպումների տակ. «Վահե Գրիգորյանն այդպիսին չէ: Դատավորը պետք է ունենա մասնագիտական ներքին խիզախություն»:
«Նախագահը չպետք է ենթարկվի քաղաքական կոնյուկտուրային հանգամանքներին, և նրա համար խորհրդարանը պետք է լինի ինստիտուտ, որի կազմի փոփոխությունը նրան պետք է թելադրի այլ վարքագիծ: Այդ առումով, երբ մերժվեց Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջին անգամ, բնական է, որ նախագահը պետք է փորձեր այլ թեկնածուներ ներկայացնել: Ամեն դեպքում նախագահը ողջամիտ մարդ է, հասկանում է քաղաքական մեծամասնության սպասելիքները, և վաղ թե ուշ Վահե Գրիգորյանի թեկնածությունը, որպես ամենաակնհայտ և ամենաարժանի թեկնածու, պետք է առաջադրվեր»:
Ռ. Ղևոնդյանը հավելեց, որ նախագահը ճիշտ վարվեց՝ առաջադրելով այնպիսի թեկնածու, որը համապատասխանում է այսօրվա քաղաքական դաշտի կառուցվածքին:
Մանրամասն՝ տեսանյութում:










































