Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը հարցազրույց է տվել El Condifencial պարբերականին՝ մասնավորապես նշելով հետևյալը.
«Պատահական չէ, որ վերջին 28 խաղերում չենք պարտվել: Ֆուտբոլիստները գերազանց են մարզվում, պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում մարզումներին: Բացի այդ, կա մարզիչ, ով գերազանց աշխատանք է կատարում:
Ցանկանում եմ ապագայում ևս զբաղվել մարզչական աշխատանքով: Սովորում եմ հիանալի մարզչից՝ Կարլո Անչելոտիից, ով եղել է նաև իմ մարզիչը: Կարիերայիս ավարտից հետո շատ բաներով եմ զբաղվել, բայց արդյունքում վերադարձա ֆուտբոլ: Այն քեզ էներգիա է տալիս և լցնում կյանքով:
Թիմում փորձի և երիտասարդության հիանալի համադրություն կա: Ռոնալդուն ամենաշատն էր արժանի «Ոսկե գնդակ»-ին: Նրան տեսնում եմ գրեթե ամեն օր և կարող եմ հավաստիացնել, որ նրա հաջողությունների հիմքում հսկայածավալ աշխատանքն է:
Նա ամենաշուտն է գալիս մարզումների և ավարտում վերջինը: Նա միշտ ձգտում է կատարելության: Բացի տաղանդից, Ռոնալդուն նաև մարտիկ է: Քրիշտիանուն օրինակ է ծառայում բոլորին»:









































