Մի պահ ենթադրենք, որ սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունը՝ ՄՄ-ին միանալու մասին, թելադրված էր իսկապես Հայաստանի համար եթե չասենք՝ ռազմավարական շահերով, ապա գոնե միջնաժամկետ անհրաժեշտություններով: Մի պահ ենթադրենք, թեև նույնիսկ ենթադրելը անգամ դժվար է՝ այնքան է այդ որոշումը ակնհայտորեն հակասում Հայաստանի պետական շահին ու հեռանկարներին: Սակայն ենթադրենք:
Բայց գոնե ուկրաինական ներկայիս իրադարձությունների պայմաններում նույնքան էլ ակնհայտ է, որ որոշումը Հայաստանի համար դարձել է վտանգավոր՝ թեկուզ հենց միայն այն մասով, որ երկիրը, մնալով Մաքսային այդ հնոցի մեջ, հայտնվելու է համաշխարհային մեկուսացման վտանգի տակ, ընդ որում՝ միջնորդավորված մեկուսացման, այսինքն՝ մեկուսացվում է Հայաստանի «պատրոնը»՝ Ռուսաստանը կամ Պուտինը, որի հետևանքով էլ մեկուսանալու է Հայաստանը, եթե շարունակի մնալ այդ «պատրոնաժի» ներքո: Իսկ Հայաստանը շարունակում է: Ընդ որում, ինչպես հայտնի է, ոչ միայն իշխանությունների, այլև, այսպես կոչված, ընդդիմադիր ուժերի կամ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի հարթության վրա էլ հայտարարվել է իրավիճակի անշրջելիության մասին:
Այսպիսով՝ Հայաստանն անշրջելիորեն կանգնած է նոր սառը պատերազմի շեմին, ընդ որում՝ կանգնած է կողմերից մեկում, և ընդ որում՝ ամենաթույլ կողմում, որը մի անգամ տանուլ է տվել սառը պատերազմն առավել մեծ ռեսուրսային պաշարի դեպքում, և կասկած չկա, որ ռեսուրսների առավել սղության պայմաններում անխուսափելիորեն տանուլ է տալու նաև երկրորդ սառը պատերազմը և, ամենայն հավանականությամբ, տանուլ է տալու իր կցորդներին, որոնց շարքում «անշրջելիորեն» հայտնվել է Հայաստանը:
Ի՞նչ էր պետք այսօր Հայաստանին: Պետք էր դուրս գալ այն խրամատից, որում հայտնվել է: Իշխանությունները այդ քայլին ընդունակ չեն, որովհետև նրանք իրենց սեփականության պաշտպանության և հանցագործությունները թաքցնելու խրամատում են: Իշխանություններն ընդամենը վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու ՀՀ Սահմանադրության և օրենքների առաջ՝ պետությունը նման վտանգների հասցնելու համար:
Սակայն Հայաստանում ցավալիորեն ոչինչ տեղի չի ունենում նաև ընդդիմադիր դաշտում: Այսպես ասած՝ ոչ իշխանական ուժերը կոնսոլիդացիայի գործընթաց են բեմադրում՝ օրակարգում ունենալով ընդամենը երկիրը փրկելու վերացական մտահոգություններ և ոչ մի կոնկրետ, առարկայական հարց, որը հրամայական է, հրատապ խնդիր և կենսական հարց անվտանգության տեսանկյունից:
Այն, որ երկրում սոցիալ-տնտեսական ու իրավական խնդիրները պետությունը թուլացրել են աղետալիորեն՝ որևէ մեկը չի կարող նրանց հետ չհամաձայնել: Եվ դժվար է չհամաձայնել, որ երկրի անվտանգությունը հենց առաջին հերթին ներքին այդ հարցերի ամրությամբ պետք է ապահովվի: Սակայն այսօր կա չափազանց հստակ և լուրջ մարտահրավեր արտաքին ուղղությամբ, և առաջնային պահանջը՝ ուղղված իշխանություններին, պետք է լիներ դադարեցնել Հայաստանի անդամակցության գործընթացը Մաքսային միությանը, քանի որ դա երկիրը տանում է սառը պատերազմի անհեռանկար «ճամբարավորման»:
Այդ վտանգը՝ մինչև անգամ ֆիզիկական մարտահրավերներով, կախված է այսօր, այստեղ, հենց հիմա: Սակայն Հայաստանում քաղաքական ընդդիմություն հայտարարված հիմնական ուժերը չեն ուզում նկատել այս վտանգը: Իրականում պետության շահերից բխող քաղաքական կոնսոլիդացիայի հիմքում այսօր պետք է լիներ հենց այդ խնդիրը, որովհետև եթե խնդիրը կա և չի լուծվում, մյուս բոլոր խնդիրների լուծումները կարող են կրել ժամանակավոր բնույթ, որովհետև ժամանակավոր ռեժիմի մեջ է հայտնվել պետությունը: Դադարեցնել անդամակցությունը ՄՄ-ին, դուրս գալ դամոկլյան սրի տակից և նոր միայն զբաղվել ներքին ամրության հարցերով, որովհետև կախված սուրը հեռացնելուց հետո միայն հնարավոր կլինի ներքին հարցերով արդյունավետորեն զբաղվել, նաև արդյունավետ հանրային մոբիլիզացիա կազմակերպել:
Այս ամենով հանդերձ՝ զարմանալի է նաև այն քաղաքական ուժերի պահվածքը, որոնք հանդես են եկել և հանդես են գալիս Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ ընդհանրապես, ռազմավարական տեսանկյունից, ոչ թե զուտ որպես միայն ներկա պահի անվտանգությունից բխող հրամայական: Զարմանալի է այն առումով, որ անգամ ներկա պահին, երբ իրադարձությունները սկսել են շատ արագ զարգանալ, այդ իրադարձություններին հակադրվող քաղաքական միասնական պլատֆորմի ձևավորմանն ուղղված քայլերը գրեթե զրոյական են:







































