Տեսախցիկներից և արագաչափերից դժգոհ վարորդներն այսօր ՀՀ նախագահին նամակ կուղարկեն՝ խնդրելով ներել մինչ օրս արձանագրված եռապատիկ ու հնգապատիկ տուգանքները:
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ կբողոքեն այնքան, մինչև հարցը լուծում ստանա:
Նա նշեց, որ խնդրի լուծման կապակցությամբ հանդիպել է ՃՈ պետի, նրա տեղակալների հետ: Բոլորը թեև սրտացավ են մոտենում խնդրին, բայց հարցը լուծում չի ստանում:
Նա նշեց, որ այսօր ավտովարորդները հայտնվել են սնանկ վիճակում, կոմունալ վճարները չեն կարողանում վճարել:
«Ոստիկանությունը խնդիրն ուղղում է ԱԺ, որտեղ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքապետարանը խնդրով մտահոգ է, և քաղաքապետի հանձնարարականով լրջորեն աշխատում են Երևան քաղաքի կայանատեղիների ավելացման ուղղությամբ: Անձամբ ինքը Նոր Նորքի և Արաբկիր համայնքներում շուրջ 50 կայանատեղ է նշել:
Տիգրան Հովհաննիսյանը կոչ արեց քաղաքապետարանին՝ շտապողականություն չցուցաբերել խնդրի կապակցությամբ:
«Ոստիկանությունը չի կարող օգնել, դրա համար դիմում ենք ՀՀ նախագահին, որ նա ուղերձով դիմի ԱԺ՝ ներելու արձանագրված եռապատիկ և հնգապատիկ տուգանքները»,-ասաց նա՝ հավելելով, որ լուրջ քաղաքականություն պետք է իրականացնել, որ այս ամենը դիտարկվի որպես կարգապահություն, այլ ոչ թե կողոպուտ:
Հարցին ի պատասխան՝ լուրեր կան, որ 70 տոկոսի սեփականատերը Սաշիկ Սարգսյանն է, արդյոք դիմե՞լ են նրան, Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ թեև չգիտեն տերերին, սակայն ներքին կարգով իմացել են, որ ուզում են խնդրին լուծում տալ:
Մեծ է նաև խախտումների համար սահմանված գումարը, ըստ Տիգրան Հովհաննիսյանի՝ անգամ ԱՄՆ-ում այսքան չէ, որքան Հայաստանում:
Վարորդները ներկայացրին իրենց խնդիրները, որոնք հիմնականում առնչվում էին կայանատեղիների խնդրին: Նրանք նշեցին, որ 200-300 հազար դրամի ակտեր ունեն, որոնք չեն մուծելու, քանի որ ի վիճակի չեն: Եթե նախագահը խնդրին լուծում չտա, անհնազանդություն կսկսվի. «Ժողովրդի գրպանն են թալանում, հերի՛ք է»:







































