Վանաձորի բյուջեն քաղաքապետի պարտքի դիմաց «գրավադրելու» մասին բարձրաձայնելուց հետո լրագրողների մուտքը քաղաքապետարան սահմանափակվել է:
Վանաձորի քաղաքապետարանում ամեն երկուշաբթի աշխատանքային խորհրդակցություններ այլևս չեն անցկացվի, լրագրողներն էլ հնարավորություն չեն ունենա ծանոթանալու համայնքային խնդիրներին:
Քաղաքապետի այս որոշումը հաջորդեց հանրապետական մամուլով ու հեռուստատեսությամբ նրա կնքած գաղտնի գործարքների, համայնքի բյուջեն՝ առանց ավագանու իմացության, իր պարտքի դիմաց «գրավադրելու», ավագանու լիազորությունները, իր իսկ խոստովանությամբ՝ «շրջանցելու» և Վանաձորում այդպես էլ ավարտին չհասցվող էլիտար շենքի շուրջ ծավալված պատմության լուսաբանումներից հետո: Իսկ քաղաքապետի պարտքի պատճառով այսօր արգելանքի տակ է հանրապետության երրորդ քաղաքի բյուջեն:
Նմանատիպ սկանդալային իրավիճակներից խուսափելու նպատակով քաղաքապետը որոշել է սահմանափակել լրագրողների մուտքը քաղաքապետարան: Նա դեռ լոռեցու «միամտությամբ» էլ հավատացնում է, թե այդ քայլով ՏԻՄ-ի կառավարման թափանցիկության ու հրապարակայնության սկզբունքը չի խախտվում:
«Քաղաքապետի իրավասությունն է, թե իր նիստերը ինչ ձևով կանցկացվեն»,- ասում է 13 տարվա համայնքի ղեկավարը:











































