Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ճանաչի Ղրիմի Ինքնավար Հանրապետության հետագա ճակատագրի վերաբերյալ հանրաքվեի արդյունքները: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը, գրում է Интерфакс-Украина-ն:
«ԱՄՆ-ը պատրաստ չէ ճանաչել այսպես կոչված՝ հանրաքվեի ցանկացած արդյունք, որը պատրաստվում են իրականացնել վեց օր անց»,- հայտարարել է դեսպանը:
Նրա խոսքերով`ԱՄՆ-ը շարունակում է Ղրիմի թերակղզին Ուկրաինայի մաս համարել:
Փայեթը նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ Ուկրաինա զինված ներխուժման համար` հավելելով, որ դրության սրման դեպքում «ԱՄՆ-ը պատրաստ է ավելի հեռուն գնալ»:
Նա նաև վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կճանաչի ցանկացած նախագահի, որին կընտրի ուկրաինացի ժողովուրդը:









































