ՀՀ ՊՆ զինված ուժերի իրային ծառայությունում իրականացվել են մի շարք փոփոխություններ և նորամուծություններ՝ նոր տեսակի շապիկներ, կիսավարտիքներ, ձեռքի օճառներ և այլն:
ՀՀ ՊՆ-ն լրագրողների համար կազմակերպել էր պրես տուր, որի ժամանակ ցուցադրվեցին ՀՀ ԶՈւ-ում շահագործվող համազգեստը, հանդերձանքը, հիգիենիկ պարագաներն ու տեխնիկական միջոցները:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ թիկունքի իրային ծառայության պետ, գնդապետ Վահան Պապյանը սկզբում ներկայացրեց հայկական արտադրության պարագաներն ու հանդերձանքը:
«2019 թվականից սկսած նախկին ձեռքի օճառները փոխարինել ենք այլ որակի օճառներով, որոնք 3 տիպի են՝ ելակի, կիտրոնի և շուտով նաև յասամանի բույրով: Հայաստանում արդեն իսկ արտադրվում են տափաշշերը, ճաշամանները, շապիկները, կիսավարտիքներն ու անկողնային պարագաները»,- ասաց Պապյանը և հավելեց, որ տեղական են նաև հողաթափերն ու ճտքավոր կոշիկները: Վերջիններն այս պահին արտադրվում են 2 տեսակի և դեռևս գտնվում են զորային փորձարկման փուլում:
Գնդապետը շեշտեց, որ նախկինում ճտքավոր կոշիկների տակացուն ամրացվում էր մեխերով, իսկ այժմ մի տեսակն ամրացվում է բարձր ճնշման սոսնձման եղանակով, իսկ մյուսը՝ ձուլման: Այս պահին տարբեր զորամասերում, տարբեր բնակլիմայական պայմաններում դրանք փորձարկվում են, ինչի արդյունքում հնարավոր է դառնում պարզել ճտքավոր կոշիկների թերություններն ու առավելությունները:
«Զինծառայողներին ապահովում ենք նաև կոշկեղենի լրացուցիչ ներդիրներով՝ ձմեռային և ամառային սեզոնների համար, որպեսզի հարկ եղած դեպքում հնարավորություն ունենան փոխելու: Եթե զինծառայողն ունենա ոտնաթաթի խնդիր, ապա ներդիրները բավականին հարմարավետ կդարձնեն նրա քայլքը: Մաշվելուց հետո տրվում են լրացուցիչ ներդիրներ»,- ասաց Պապյանը:
Լրագրողներին ներկայացվեցին նաև զորանոցային հողաթափերը, որոնք բավականին ամուր էին և թեթև: ՀՀ ԶՈՒ թիկունքի իրային ծառայության պետն ընդգծեց, որ դրանք նոր չեն, ուղղակի զինծառայողների հարմարավետության համար դիզայնն է մի փոքր փոփոխված: Նախատեսված են երեկոյան ժամերի, ինչպես նաև լոգարան գնալու համար: