Քենիայի հյուսիսում գտնվող գաղթականների համար ստեղծված ճամբարի ղեկավարությունը զգուշացնում է, որ ճամբարի բնակիչների թիվը կարող է հասնել կես միլիոնի, քանի որ այստեղ են գալիս երաշտից փախչող սոմալացիները: Ըստ BBC-ի լրագրողի, որը գտնվում է ճամբարում, առավել ծանր վիճակում են մինչև 5 տարեկան երեխաները. նրանցից ոմանք մահանում են հասնելուց մեկ օր հետո:
Սոմալացիները փախչում են երաշտից, որի նմանն այդ տարածքներում չի գրանցվել վերջին 60 տարիների ընթացքում, ինչպես նաև շարունակվող քաղաքացիական պատերազմից: Ինչպես հայտնում է լրագրողը, ճամբարին հասնելու համար շատերը ստիպված են եղել երկար ճանապարհ անցնել՝ ենթարկվելով թալանի և բռնաբարության:
Նախօրեին հումանիտար կազմակերպությունները հայտարարել են, որ Աֆրիկյան եղջյուրի բնակիչներին երաշտից փրկելու համար անհրաժեշտ է հավաքել 150 մլն դոլարից ոչ պակաս գումար:









































