«ՀԱԿ-ը սոփեստական հարց է դնում, որի ցանկացած պատասխանի դեպքում իշխանությունը ոչ շահեկան դիրքերում է հայտնվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով արտահերթ ընտրությունների վերաբերյալ իր կենտրոնի իրականացրած հարցումները՝ կարծիք հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշեց, որ եթե իշխանությունը արտահերթ ընտրություններ անելու ՀԱԿ-ի պահանջին ՙայո՚ պատասխանի, ապա նա դրանով կապացուցի, որ վատ է աշխատել և այժմ հեռանում է. «Եթե ասի ՙոչ՚, կնշանակի՝ բռնապետ է: Ամեն դեպքում ՀԱԿ-ը հաղթած է դուրս գալիս այս խաղից, և հենց դա է պատճառը, որ իշխանությունները չեն գնում ՀԱԿ-ի հետ բանակցությունների»:
Սակայն, սոցիոլոգի գնահատմամբ, արտահերթ ընտրությունների անցկացման պարագայուն էլ ՀԱԿ-ը շահեկան դիրքերուն չի հայտնվի, և դա, ըստ Ադիբեկյանի, հասկանում են նաև ՀԱԿ-ում, պարզապես այս պահին արտահերթ ընտրություններից բացի, շահարկման այլ հարց չունեն: Ադիբեկյանի գնահատմամբ` սոցիալական դժգոհությունը Հայաստանում բարձր չէ, սակայն սոցիալական խնդիրները առաջնային են, իսկ ՀԱԿ-ը չունի էական տարբերակներ այդ խնդիրները լուծելու. «Պարզ է, որ այս պարագայում արտահերթ ընտրությունները միակ հարցն է, որ ՀԱԿ-ը կարող է շահարկել, և դրա համար դեռևս հիմք ու ձև կա, մինչև մարդիկ դրանից էլ հոգնեն»:






































