Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լարված իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը փորձեց մուտք գործել դատարան՝ պաշտպանյալի վերաբերյալ դատական ակտ ստանալու: Էրիկ Ալեքսանյանը դատարանի մուտքը փակած ցուցարարներին ցույց տվեց իր փաստաբանական արտոնագիրը, նշելով, որ եկել է դատարան, որպեսզի ստանա դատական ակտ, որով արձանագրվել է իր պաշտպանյալի իրավունքների խախտումը եւ այդ իրավունքների խախտման վերականգնման ուղղությամբ գործողություններ կատարելու համար անհրաժեշտ է այսօր ստանալ այդ դատական ակտը:
Նա խնդրեց ցուցարարներին, որպեսզի մտնի դատարան: Սակայն ցուցարարները չթույլատրեցին, նշելով, որ դատարանում մարդ չկա: Մի քանի րոպե տեւած քննարկումներից հետո այնուամենայնիվ Էրիկ Ալեքսանյանին չթույլատրեցին մտնել դատարան: Ալեքսանյանն էլ արձանագրեց, որ ցուցարարները խոչընդոտում են փաստաբանի աշխատանքը եւ հեռացավ դատարանից: