Քենիայի նախագահ Ուհուրու Քենիաթան հայտարարել է, որ նվազեցնում է իր և նախարարների կաբինետի անդամների աշխատավարձը` կառավարական աշխատավարձի հիմնադրամի չափը կրճատելու նպատակով` հաղորդում է BBC-ն:
Նախագահի և փոխնախագահի աշխատավարձը կնվազեցվի 20%-ով, նախարարներինը` 10%-ով: Քենիաթան նաև նշել է, որ նախատեսվում է նվազագույնի հասցնել արտասահմանյան այցերը:
Պետության ղեկավարը կոչ է արել Քենիայի խորհրդարանի անդամներին համանման կրճատումներ իրականացնել:
Դիտորդները նշում են, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը ամենաքննարկվող թեմաներից մեկն է Քենիայի հասարակության շրջանում:
Նշենք, որ միջազգային քրեական դատարանը Քենիաթային և փոխնախագահ Ուիլյամ Ռուտոյին մեղադրում է երկրում 2007թ. նախագահական ընտրություններից հետո բռնություն հրահրելու մեջ:







































