Ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ, միջազգային հարաբերությունների վերլուծաբան Հենրի Քիսինջերը հոդված է հրապարակել The Washington Post թերթում, որում առաջարկում է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում մի քանի սկզբունքներ: Հոդվածը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Այսօր Ուկրաինայի շուրջ ծավալվող հանրային քննարկումները ամբողջությամաբ առճակատման շուրջ են: Բայց արդյո՞ք մենք գիտենք՝ ուր ենք գնում: Իմ կյանքում ես 4 պատերազմ եմ տեսել, որոնք սկսվել են մեծ խանդավառությամբ և ժողովրդական աջակցությամբ, և որոնք մենք հետո չգիտեինք, թե ինչպես ավարտել՝ դրանցից երեքից դուրս գալով միակողմանի կերպով: Քաղաքական գործչի համար փորձությունն այն չէ, թե ինչպես է պատերազմը սկսվում, այլ այն, թե ինչպես է ավարտվում:
Ուկրաինայի հարցը չափազանց հաճախ է ներկայացվում որպես վճռորոշ մարտ. Ուկրաինան Արևե՞լք կգնա, թե՞ Արևմուտք: Մինչդեռ եթե Ուկրաինան ցանկանում է գոյատևել և բարգավաճել, այն չպետք է վերածվի կողմերից մեկի ֆորպոստի՝ մյուսի դեմ: Այն պետք է կամուրջ դառնա երկու կողմերի միջև:
Ռուսաստանը պետք է ընդունի, որ Ուկրաինան արբանյակ-պետության վերածելու և դրա հաշվին դարձյալ Ռուսաստանի սահմաններն առաջ տանելու ջանքերը իրեն դատապարտում են մտնել Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում փոխադարձ ճնշումների՝ անընդհատ կրկնվող շրջան:
Արևմուտքը պետք է հասկանա, որ Ռուսաստանի համար Ուկրաինան երբեք չի դառնա սովորական արտասահմանյան երկիր: Ռուսաստանի պատմությունը սկսվում է Կիևյան Ռուսիայից: Այնտեղից է եկել ռուսական ուղղափառությունը: Ուկրաինան հարյուրամյակներ շարունակ եղել է Ռուսաստանի կազմում, սակայն մինչ դա էլ նրանց պատմությունը սերտորեն կապված է եղել: Ռուսաստանի ազատագրման համար ամենակարևոր մարտերը՝ սկսած 1709թ. Պոլտավայի ճակատամարտից, տեղի են ունեցել ուկրաինական հողի վրա: Սևծովյան նավատորմը , որի միջոցով Ռուսաստանը ուժ է պրոյեկցում Միջերկրական ծովում, տեղակայված է Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում՝ երկարատև վարձակալության հիմունքով: Նույնիսկ այնպիսի փառաբանված այլախոհներ, ինչպիսիք էին Ալեքսանդր Սոլժենիցինը և Իոսիֆ Բրոդսկին, պնդում էին, որ Ուկրաինան Ռուսաստանի պատմության, և հենց Ռուսաստանի անքակտելի մասն է: Եվրամիությունը պետք է ընդունի, որ իր բյուրոկրատիայի դանդաղաշարժությունը և Ուկրաինայի ու Եվրոպայի բանակցություններում ռազմավարական էլեմենտը ներքին քաղաքականությանը ենթարկելը հանգեցրել են նրան, որ բանակցային գործընթացը վերածվել է ճգնաժամի: Արտաքին քաղաքականությունը առաջնահերթությունները դասավորելու արվեստ է:
Վճռորոշ տարրը իրենք՝ ուկրաինացիներն են: Նրանք ապրում են բարդ պատմություն և բազմալեզու կազմ ունեցող երկրում: Ուկրաինայի արևմտյան մասը Խորհրդային միությանը կցվել է 1939թ., երբ Ստալինը և Հիտլերը բաժանում էին ավարը: 60 տոկոսով ռուսներով բնակեցված Ղրիմը Ուկրաինայի կազմի մեջ է մտել միայն 1954թ., երբ ծագումով ուկրաինացի Նիկիտա Խրուշչովը այդ հանրապետությանը պարգևատրեց Ռուսաստանի և կազակների միջև պայմանագրի 300-ամյակի կապակցությամբ: Երկրի արևմուտքում հիմնականում կաթոլիկներ են, արևելքում՝ ճնշող մեծամասնությամբ ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներ: Արևմուտքը խոսում է ուկրաիներենով, արևելքը՝ հիմնականում ռուսերենով: Ուկրաինայի մի հատվածի կողմից մյուսի վրա գերիշխանութուն հաստատելու ցանկացած փորձ (ինչը վերածվել է օրինաչափության) ժամանակի ընթացքում կհանգեցնի քաղաքացիական պատերազմի և երկրի փլուզմանը: Եթե Ուկրաինան դիտենք որպես Արևելքի և Արևմուտքի միջև առճակատման մասնիկ, ապա Ռուսաստանի և Արևմուտքի, և մասնավորապես Ռուսաստանի և Եվրոպայի միջև միջազգային համագործակցության համակարգ ստեղծելու ցանկացած հեռանկար կտապալվի տասնամյակներով:
Ուկրաինան անկախ է ընդամենը 23 տարի: Մինչ այդ՝ 14-րդ դարից սկսած, այն եղել է որևէ մեկի, օտարերկրյա մեկի իշխանության տակ: Զարմանալի չէ, որ նրա առաջնորդներով չեն սովորել փոխզիջումների արվեստը, ընդ որում ավելի քիչ չափով յուրացրել են պատմական հեռանկարների դասը: Անկախության ձեռքբերումից հետո Ուկրաինայի քաղաքականությունը հստակ կերպով ցույց է տալիս, որ խնդրի արմատը Ուկրաինայի քաղաքական գործիչների՝ իրենց կամքը երկրի անհնազանդ և դիմադրող հատվածի վզին փաթաթելու փորձերի մեջ է: Սկզբում դա անում է մի խմբակցություն, հետո՝ մյուսը: Հենց դրանում է Վիկտոր Յանուկովիչի և նրա գլխավոր քաղաքական հակառակորդ Յուլյա Տիմոշենկոյի միջև կոնֆլիկտի էությունը: Նրանք ներկայացնում են Ուկրաինայի երկու թև և չեն ցանկանում կիսել իշխանությունը: Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի խոհեմ քաղաքականությունը պետք է ներառի երկրի երկու հատվածների միջև համագործակցության հնարավոր ուղիների փնտրտուքներ: Մենք պետք է ձգտենք այդ խմբակցությունների հաշտեցմանը և ոչ թե դրանցից մեկի գերիշխանությանը:
Սակայն Ռուսաստանը և Արևմուտքը, և ամենակարևորը, մեծաթիվ ուկրաինական խմբակցությունները, չեն հետևում այդ սկզբունքին: Կողմերից յուրաքանչյուրը միայն սրում է իրավիճակը: Ռուսաստանը չի կարող ռազմական լուծում պարտադրել առանց ինքնամեկուսացման, այն պահին, երբ իր սահմանների մեծ մասը արդեն գտնվում են ոչ հուսալի վիճակում: Արևմուտքի համար Վլադիմիր Պուտինի դիվականացումը քաղաքականություն չէ, այլ դրա բացակայության արդարացում:
Պուտինը պետք է հասկանա, որ չնայած իր բոլոր դժգոհություններին և բողոքներին՝ ռազմական ճնշման քաղաքականությունը սկիզբ կդնի միայն նոր սառը պատերազմի: Միացյալ Նահանգները, իր հերթին չպետք է Ռուսաստանի հետ վարվի ինչպես ճիշտ ուղուց շեղված երկրի հետ, որին պետք է համբերատար կերպով սովորեցնել Վաշինգտոնի կողմից սահմանված վարքի կանոնները: Պուտինը լուրջ ստրատեգ է Ռուսաստանի պատմության դաշտում: Ամերիկյան արժեքները և հոգեբանությունը հասկանալը նրա ամենաուժեղ գիծը չէ: Իսկ ռուսական արժեքների և հոգեբանության ընկալումը երբեք չի եղել ամերկացի քաղաքական գործիչների ուժեղ գիծը:
Բոլոր կողմերի ղեկավարներն պետք է վերադառնան արդյունքների և հետևանքների վերլուծությանը, ոչ թե մրցակցեն դիրքորոշումներում: Ահա թե ես ինչպես եմ պատկերացնում ելքը՝ համապատասխան բոլոր կողմերի արժեքների և շահերի անվտանգության.
1. Ուկրաինան պետք է իրավունք ունենա ազատ ընտրել իր տնտեսական և քաղաքական կապերը, այդ թվում Եվրոպայի հետ:
2. Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին: Նույնպիսի դիրքորոշումը ես ունեի դեռ 7 տարի առաջ, երբ առաջին անգամ բարձրացավ այս հարցը:
3. Ուկրաինան պետք է ունենա կառավարություն ստեղծելու համար բոլոր հնարավորությունները ՝ համաձայն իր ժողովրդի կամարտահայտման: Ուկրաինացի խոհեմ առաջնորդներն այդ դեպքում նախապատվություն կտան երկրի տարբեր հատվածների հաշտեցման քաղաքականությանը: Միջազգային պլանում նրանք պետք է վարեն Ֆինլանդիայի քաղաքականությանը համարժեք քաղաքականություն: Այդ երկիրը ոչ մի կասկած չի թողնում իր լիարժեք անկախության վերաբերյալ, համագործակցում է Արևմուքի հետ մի շարք բնագավառներում՝ միաժամանակ խուսափելով Ռուսաստանի հետ քաղաքական թշնամությունից:
4. Գոյություն ունեցող համաշխարհային կարգի օրենքներով անթույլատրելի է, որպեսզի Ռուսաստանը բռնակցի Ղրիմը: Սակայն Ղրիմի և Ուկրաինայի հարաբերությունները հնարավոր է հանգստացնել: Այդ նպատակով Ռուսաստանը պետք է ընդունի Ուկրաինայի ինքնիշխանությունը Ղրիմում: Ուկրաինան պետք է ընդլայնի Ղրիմի ինքնավարությունն ընտրություններով՝ արտասահմանյան դիտորդների ներկայությամբ: Այդ գործընթացը պետք է ներառի Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի վերաբերյալ ցանկացած անորոշության բացառում:
Սրանք սկզբունքներ են, ոչ թե հրահանգներ: Այս տարածաշրջանին ծանոթ մարդիկ գիտեն, որ դրանց մի մասը հաճո չէ այս կամ այն կողմին: Բայց այժմ կարևոր է ոչ թե բացարձակ բավարարվածությունը, այլ հավասարակշռված ոչ բավարարված վիճակը: Եթե այս կամ նման տարրերի հիմքի վրա որևէ լուծում չգտնվի, ապա առճակատման տեմպերը կարագանան: Նման որոշում կայացնելու ժամանակը բավական շուտ կգա:
Պատրաստեց՝ Վիկտորյա Անդրեասյանը









































