ԵՄ արտահերթ գագաթնաժողովի նիստն անօրինական է ճանաչել Ղրիմի խորհրդարանի՝ Ռուսաստանին միանալու որոշումը, քանի որ այն չի համապատասխանում Ուկրաինայի Սահմանադրությանը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք դատապարտում ենք Ուկրաինայի ինքնիշխանության խախտումը և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը դիտարկում որպես բնական իրավիճակ»,- ասել է Մերկելը:
ԵՄ առաջնորդները Ռուսաստանին կոչ են արել անհապաղ դուրս բերել զորքերը Ղրիմից և չեղյալ են հայտարարել այցագրի ազատականացման մասին բանակցությունները Մոսկվայի հետ:
Հիշեցնենք, Ղրիմի հանրաքվեն մտադիր չէ ճանաչել նաև ԱՄՆ-ը: ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակին հայտարարել է, որ հանրաքվեն խախտում է Ուկրաինայի Սահմանադրությունը: Նման դիրքորոշում ունեն նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան:







































