Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համոզված է, որ 2013թ. դեկտեմբերի 17-ին երկրում ոստիկանության կողմից իրագործած հակակոռուպցիոն օպերացիայի և կառավարության անդամների հեռախոսազանգերի լրտեսման հետևում թաքնված է եղել «պետական հեղաշրջման փորձ»: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, վարչապետը նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակում:
«Նախկինում Թուրքիայի հանդեպ նոստալգիա տածողները դեկտեմբերի 17-ին ձեռնարկեցին պետական հեղաշրջման վերջին փորձը և … հարձակվեցին նոր Թուրքիայի վրա» ,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ նրանց թվում են քաղաքական կուսակցություններ, որոշ ԶԼՄ-ներ, գործատուներ, հասարակական միություններ:
Վարչապետի խոսքերով՝ «շուտով այդ անձիք կսկսեն վճարել հաշվիները»: Էրդողանը համոզված է, որ խոսքը, մասնավորապես, «կառավարության կազմում գործող ավազակախմբի» մասին է:
Անդրադառնալով երկրի ղեկավարության ներկայացուցիչների հեռախոսազանգերի գաղտնալսման հետ կապված իրավիճակին՝ Էրդողանը հայտարարել է, որ «դա չի իրականացվում Թուրքիայի հանգստության և անվտանգության համար»:
«Գաղտնալսումն իրականացվել է ոչ թե հանուն օրենքի, այլ որոշակի կազմակերպության, այն վերահսկող պետության կամ միջազգային շրջանակների շահերից ելնելով» ,- ասել է Թուրքիայի վարչապետը և հավելել, որ աշխարհի ոչ մի կետում չի կարելի գաղտնալսել վարչապետին, նախագահին, գլխավոր շտաբի հրամանատարին, նախարարներին:










































