Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ, կարևորելով պոտենցիալ մայրերի առողջությունը, իրականացվում է 15 տարեկան աղջիկների առողջականի համալիր գնահատում, պատրաստում հետագա մայրությանը: Մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նրա խոսքով՝ սա կարևոր խնդիրներից մեկն է, որն ուղղված է անպտղության մակարդակի իջեցմանը: «Մենք նաև գիտակցում ենք՝ առանց առողջ տղամարդու հնարավոր չէ ունենալ առողջ մայրություն ու ընտանիք, հետևաբար կատարվում է զանգվածային ուսումնասիրություն, ախտաբանությունների վաղ հայտնաբերում նաև 14-15 տարեկան տղաների շրջանում: Ցանկացած ախտաբանական շեղման դեպքում կինը կարող է դիմել իր տարածքի պոլիկլինիկա, հետազոտվել, անհրաժեշտության դեպքում ստանալ ուղեգիր: Թվացյալ առողջ կինը ևս կարող է դիմել կոնսուլտացիայի, ենթարկվել առաջնային զննման, որևէ ախտաբանության հայտնաբերման դեպքում՝ հետազոտման և բուժման: Մեր կանայք այս իրավունքից հաճախ չեն օգտվում, նրանք սովորաբար դիմում են բուժօգնության, եթե կա հիվանդություն: Մենք սովորություն չունենք՝ կարևորելու առողջությունը և դիմելու հետազոտման»,- ասաց նա:
Ավագյանի խոսքով՝ մեր հղիներն առաջին իսկ օրվանից դիմում են կոնսուլտացիայի. սա կարևոր ցուցանիշ է: Շատ փոքր թվով հղիներ են, որ չեն դիմում կոնսուլտացիայի կամ դիմում են արդեն ախտաբանություններով, մյուսները պարբերաբար ենթարկվում են անհրաժեշտ հետազոտությունների, խորհրդատվության և հսկողության. հենց սա է նպաստել մայրական և մանկական մահացության նվազեցմանը և ծննդօգնության ցուցանիշի բարձրացմանը: 1000 կենդանածնության դիմաց արդեն ունենք 9.2 մահ. դրա մեջ ներառված են և՛ մեռելածնությունը, և՛ հետծննդյան՝ վեց օրվա մահը: 2008-ին այդ ցուցանիշը 18 էր: Նույնն է մայրական մահացության դեպքում. մահերի կիսով չափ նվազում կա, դա նաև ժամանակին բուժհաստատություն դիմելու արդյունք է:
«Մենք արձանագրում ենք եղած հաջողությունները, բայց դրանց հետևում մեծ ծավալի աշխատանք կա: Մեր կանայք պետք է իրենց առողջական վիճակին ավելի ուշադիր լինեն: Սա դարերից եկած մշակույթ է. հայ կինը փորձում է լինել լավ մայր, լավ տնտեսուհի՝ մոռանալով իր անձը: Բայց նրանք նաև պետք է մտածեն, որ իրենցից է կախված ընտանիքի ամրությունն ու առողջությունը, և ժամանակին դիմեն տարածքային բժիշկներին: Այնպիսի փոքր պոպուլյացիայի համար, ինչպիսին Հայաստանն է, անպտղությունը մեծ խնդիր է: Սա է պատճառը, որ Հայաստանում երեք անգամ կատարվել են լայնածավալ հետազոտություններ, և մենք հայտնաբերել ենք պատճառները կանանց ու տղամարդկանց շրջանում»,- ասաց նա:
Ավագյանի խոսքով՝ 90-ականներին ընտանիքների 24 տոկոսն ունեցել է այս խնդիրը. դժվար տարիներ ենք ունեցել, որի հետևանքն է անպտղության ավելի քան 30 տոկոսը: Այժմ իրականացվում են ծրագրեր: Ակնհայտ է, որ երկրորդային անպտղությունն է առավել տարածված. մեր երիտասարդները առողջ սկզբով են սկսում վերարտադրությունը, ապա հայտնվում են բորբոքային պրոցեսներ, սեռավարակներ:
ԱՆ ներկայացուցչի խոսքով՝ վերջին տարիներին բարձրացվեց կանանց տեղեկացվածությունը ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների վերաբերյալ՝ կանխելու համար հղիության ընդհատումը, դրա հետևանքով անպտղությունը նվազեց: «Այսօր ես գոհունակությամբ կարող եմ նշել, որ մեր երկրում պահպանակների մեծ սպառում կա, այսինքն՝ երիտասարդները փորձում են անվտանգ դարձնել իրենց սեռական կյանքը՝ օգտագործելով պահպանակներ:
Անպտղության մակարդակի կիսով չափ նվազում ունենք. սա մեծ արդյունք է: Եթե առաջներում կինը շատ թեթև էր մոտենում հղիության ընդհատմանը, կարող էին ընդհատել ու գնալ աշխատանքի, ապա այսօր նկատում եմ մեծ պատասխանատվություն, քչացել են անցանկալի հղիությունները»,- ասաց նա: Ավագյանը նկատեց՝ եթե 90-ականներին մեկ ծննդաբերությանը մեկ արհեստական ընդհատում էր բաժին ընկնում, ապա այսօր 6 ծննդին բաժին է ընկնում մեկը: Սեռով պայմանավորված աբորտների խնդիր նույնպես կա մեր երկրում: Ավագյանի խոսքով՝ բնությունը 100 աղջկա դիմաց 100 տղայի է կյանք տալիս, սակայն Հայաստանում, դժբախտաբար, վերջին տարիներին ամենամտահոգիչ ցուցանիշն այն էր, երբ 100 աղջկա դիմաց ծնվել է 120 տղա: Սա լավագույն ապացույցն է, որ ընտանիքները խառնվում են սեռերի կարգավորմանը, ուստի կազմակերպվել է մեծ հետազոտություն՝ հասկանալու համար, թե ինչու են դիմում սեռով պայմանավորված աբորտի: Դրա պատճառը, նախ, տղաներին նախապատվություն տալն է:
«Բարեբախտաբար, առաջին հղիությունը ոչ ոք չի ընդհատում. մեր աղջիկներն առաջին հղիության ժամանակ նորմալ ծնվում են: Փոփոխությունը սկսվում է երկրորդ և հատկապես երրորդ ու չորրորդ հղիությունների ժամանակ: Հայերը ոչ թե դեմ են աղջկան, այլ ուզում են անպայման տղա ունենալ: Առաջներում չկար էխոսկոպիկ հետազոտություն, կանայք ունենում էին այնքան երեխա, մինչև տղա ունենան: Դրա վկայությունը Հերիք, Բավական անուններն են: Եթե երեք և ավելի է երեխաների թիվը, տղա ունենալու հավանականությունը մեծանում է»,- ասաց նա:
Հղիների՝ վերջին շրջանում կազմակերպված բողոքի ակցիային անդրադառնալով՝ Ավագյանը նշեց, որ դա ավելի շատ գնահատում է որպես թերի տեղեկացվածության արդյունք. սոցիալական խմբում ընդգրկված հղիների վրա այդ որոշումը չէր տարածվում, ինչպես նաև անհետաձգելի ախտաբանական վիճակում ընդունված հղիների, ինտենսիվ թերապիա և վերակենդանացման կարիք ունեցողների վրա, որոշ չափով տարածվում էր այն հղիների վրա, որ կարող էին բուժվել նաև տնային պայմաններում:









































