Ուկրաինայի իրավիճակը հիշեցնում է 1992 թվականը, երբ Հայաստանում իշխանության եկավ «Ղարաբաղ» կոմիտեն: Իսկ այն եկավ ոչ թե Հայաստանը կառուցելու, այլ ռուսական կայսրությունը քանդելու համար: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Հիմա էլ Ուկրաինայում իշխանության են եկել ոչ թե Ուկրաինան կառուցող, այլ պարզապես հակառուսական ուժեր: Պուտինը ճկուն քաղաքական գործիչ է և ընդունում է, որ Մայդանը կարող էր ըմբոստանալ Ուկրաինայի նախագահի դեմ: Միաժամանակ, եթե հանկարծ Ղրիմն անկախանա, դա մեզ համար ԼՂՀ ճանաչման նախադեպ կլինի»,- ասաց նա:
Սոցիոլոգը հատկանշական համարեց, որ Հայաստանում Մայդան դժվար թե տեղի ունենա: «Հայերը թամաշա անող ազգ են, բոլորը գնան, պարեն, իրենք կանգնեն նայեն: Հայերը հեղափոխական չեն: Հայը մանուկի նման փախուստ է կատարում այնտեղից, որտեղ հոգեբանական ճնշում կա: Նա արտագաղթում է: Հայերի միայն 10 տոկոսն է հեղափոխական, կայուն, ինչը, սակայն, քիչ է Մայդան անելու համար»,- ասաց Ադիբեկյանը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ իր հերթին նշեց, որ Ուկրաինայում քանդելու ոչինչ չկար, քանի որ երկիրը, այսպես թե այնպես, կանգնած էր սնանկացման եզրին: «Նոր իշխանությունը Ուկրաինայում գահի եկավ Յանուկովիչի ապաշնորհության պատճառով: Բայց այն իր առջև դեռ խնդիրներ ունի, քանի որ ոչ ոք չի ասել, որ Մայդանով ամեն բան ավարտվեց: Այժմ իրադարձությունները գնում են հանդարտեցման»,- ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ինքը մնում է հեղափոխությունների կողմնակից, սակայն քիչ հավանական է համարում, որ Հայաստանում հեղափոխություն լինի: «Ուղղակի՝ կան սպասումներ, որ իշխանության գլուխը ջարդելով՝ պետք է փոփոխություններ կատարվեն: Բայց չկան այն գործոնները, որ առկա էին Ուկրաինայում: Հայաստանում կա ընդդիմություն, որի չորս ուժերը համագործակցում են ինչ-որ հարցերի շուրջ: Նրանցից երեքը, ըստ էության, կողմ են արտահայտվել Եվրասիական միությանը»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ծառուկյան-Իվանվիշվիլի հայտնի համեմատությանը, ժառանգական գործիչը նշեց, որ առաջնորդների համեմատությունները տեղին չեն, քանի որ խոսքը բացարձակապես տարբեր հարթությունների մասին է:
«ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, այնինչ Իվանիշվիլին Սահակաշվիլիի մոլի ընդդիմադիրն էր: «Վրացական երազանքը» գնաց ռիսկերին դեմ-հանդիման, իսկ ԲՀԿ-ն իրեն նման շռայլություն թույլ չի տալիս՝ իր գործարարներին ռիսկերի չտանելու համար»,- պարզաբանեց Ստյոպա Սաֆարյանը:
Ահարոն Ադիբեկյանն էլ նկատեց, որ ԲՀԿ-ն իշխանության մեջ չէ: Նա ով է: Նա կարող է վերակենդանանալ հաջորդ ընտրությունների համար: Ընդդիմությունը չի կարողանում միավորվել, քանի որ ընդդիմության յուրաքանչյուր առաջնորդ իրեն համարում է Նապոլեոն և մտածում, որ կարող է երկրի ղեկավար դառնալ:
Լուսանկարը՝ Photolure-ի









































