Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Մուամար Քադաֆիի հեռանալուց հետո Լիբիայում ժողովրդավարացման գործընթացը պետք է ստանձնի Միացյալ ազգերի կազմակերպությունը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Նա հատուկ շեշտել է, որ իր կազմակերպությունը չի ցանկանում ակտիվ մասնակցել Լիբիայի ժողովրդավարացմանը. «Մենք չենք ակնկալում ՆԱՏՕ-ի առաջատար դերակատարություն հետքադաֆիական շրջանում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ Մուամար Քադաֆիին այլընտրանք չի մնում, քան հեռանալը, որպեսզի բավարարի «ժողովրդի օրինական ցանկությունները»:
Ռասմուսենը նաև անդրադարձել է ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններին՝ վերաշարադրելով երեկ հնչեցված դիրքորոշումը: Նա ասել է, որ «ցանկանում է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները լինեն նույնքան սպիտակ, որքան պետերբուրգյան գիշերներն են»:






































