Ի դեմս Ուկրաինայում ծավալվող դեպքերի՝ այսօր ականատես ենք բուռն իրադարձությունների, որոնք չեն կարող չանդրադառնալ նաև մեր առջև ծառացած խնդիրների վրա: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:
«Եթե մենք համեմատական վերլուծություն անցկացնենք, պետք է ասենք, որ հետխորհրդային բոլոր երկրներում մոտավորապես նույն պրոցեսներն են ընթանում, այդ իսկ պատճառով Ուկրաինայի փորձը վերլուծելը չափազանց կարևոր խնդիր է:
Թե՛ Ուկրաինայում, թե՛ հետխորհրդային մյուս երկրներում կոռուպցիայի խնդիրը և դրա հաղթահարման ուղիներն ամենակարևորներից են: Երկրորդն օլիգարխիան է՝ որպես գործոն: Այստեղ է, որ գրեթե բոլոր հետխորհրդային երկրները ստիպված են դիմակայել այս մարտահրավերին:
Երրորդ գործոնը խնամիականությունն է՝ այն ասիական երևույթը, որն անհամատեղելի է եվրոպական ուղի որդեգրած երկրի համար: Փաստելու համար, որ Ուկրաինայում խնամիականությունը ծաղկել էր, բավական է օրինակ բերել երկրի գլխավոր դատախազ Պշոնկային և նրա որդուն: Մենք տեսնում ենք՝ ինչպես այդ ախտն արմատներ էր գցել այդ երկրում»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Նա հատկանշական համարեց, որ Ուկրաինայում բացակայում էր ձախակողմյան բևեռը: «Այն, որ Կոմկուսը սերտաճել էր ռեգիոնների կուսակցության հետ, ցույց էր տալիս, որ այդ բևեռը չեզոքացվել է: Այս իրավիճակը անհամեմատելի է մեր քաղաքական դաշտի հետ, ուր ևս ձախակողմյան բևեռ չկա: Ըստ էության, Յանուկովիչի նկատմամբ կուտակված դժգոհությունը բերեց նրան, որ այդ ցասումն առիթ փնտրի ժայթքելու: Այդ իսկ պատճառով Յոնուկովիչի ներդրումը Մայդանի կայացման գործում չափազանց մեծ է: Նա, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, բացահայտորեն հայտարարում էր, որ Մոսկվան իր վրա բիրտ ճնշումներ է գործադրում: Որ Մայդանը դարձավ հակառուսական, դրանում մեծ դեր խաղաց հենց Յանուկովիչը»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Ուկրաինայում աշխարհաքաղաքական լրջագույն հետաքրքրություններ են խաչաձևում:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքով՝ ուկրաինական դեպքերը Հայաստանի համար պետք է դաս լինեն այն առումով, որ մենք ունենք Արցախյան հիմնահարց: «Եթե Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առճակատումը չհաղթահարվի, այդ դեպքում Մինսկի խմբի ձևաչափն ըստ էության կփլուզվի: Իսկ Մինսկի խմբի ապամոնտաժումն անխուսափելիորեն լինելու է: Եթե Ռուսաստանին դուրս են դնում Ժ8-ից, այդ դեպքում միջազգային միջնորդության ձևաչափը դառնում է անգործունակ: Սա լուրջ մարտահրավեր է մեզ համար: Ռուսաստանի համար Ուկրաինայի հարցն ամենևին էլ չի կարելի համեմատել Հայաստանի եվրաինտեգրման հեռանակարների իրականացման մարտահրավերի հետ: Ի վերջո, Ռուսաստանը ի սկզբանե կասկածանքով է վերաբերվել Արևելյան գործընկերության ձևաչափին»,- հիշեցրեց քաղաքագետը՝ հավելելով, որ Ուկրաինայի դեպքում Ռուսաստանի ամբողջականությունը պահպանելու խնդիր է դրված:
«Հարցի գինը Ռուսաստանի համար շատ ավելի մեծ էր Ուկրաինայի, քան Հայաստանի պարագայում»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:










































