Միջուկային էներգիան պետք է օգտագործվի խաղաղ նպատակներով: Նման տեսակետ հայտնեցին մարտի 3-ին Երևանում միջուկային անվտանգության խնդիրների քննարկման մասնակիցները: ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Ն.Գ. Հանս Հորբախը տեղեկացրեց` Միջուկային անվտանգության հերթական գագաթնաժողովը Նիդերլանդներում անցկացնելը պատահական չէ:
«2009 թվականին նախագահ Օբաման ելույթ ունեցավ Պրահայում ու կոչ արեց միջուկային ահաբեկչությունը համարել միջազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը, որի դեմ կարելի է պայքարել միայն համաշխարհային համագործակցությամբ։ Այդ ամենով հանդերձ, պարոն Օբաման հյուրընկալեց միջուկային անվտանգության առաջին գագաթնաժողովը, որ անցկացվել է Վաշինգտոնում 2010-ին` հնարավորինս բարձր մակարդակով ուշադրություն սևեռելու համար այն հարցին, որ անհրաժեշտ է ապահովել միջուկային անվտանգությունը և կանխել միջուկային ահաբեկչությունը»,- ասաց նա:
Հաջորդ գագաթնաժողովը անցկացվել է Սեուլում։ Այժմ, ըստ դեսպանի, որոշվել է երրորդ գագաթնաժողովը Նիդերլանդներում հյուրընկալել տրամաբանական պատճառներով. Նիդերլանդներն աշխարհում վայելում է խաղաղարար, խաղաղություն, արդարություն սիրող, անվտանգություն ջատագովող պետության համբավ:
Նիդերլանդների էկոնոմիկայի նախարարության միջուկային տեղակայանքների և անվտանգության վարչության միջուկային անվտանգության քաղաքականության համակարգող Մարկո Շրավերը նկատեց` միջուկային ահաբեկչությունն իրական սպառնալիք է ոչ միայն պետությունների միջև, այլև այն դեպքում, երբ խոսում են ահաբեկչության և հանցավոր արարքների մասին:
«Հոլանդիայի կառավարությունը ձգտում է լուրջ արդյունքների հասնել միջուկային անվտանգության ոլորտում։ Գագաթնաժողովը կանցկացվի մարտի 24-25-ը: Ինչ է ՄԱԳ-ը. այն միջուկային զինաթափմանը չի վերաբերում: Մի քանի պետություններ փորձում էին ՄԱԳ-ի օրակարգի մեջ դա ներառել, բայց պետությունները համառորեն դեմ էին այդ քննարկմանը, ուստի վերջնական հռչակագրում նման դրույթ չի ներառված»,- ասաց նա` հավելելով, որ գագաթնաժողովի նպատակն է կանխել միջուկային ահաբեկչությունը ամբողջ աշխարհում` միաժամանակ նաև նվազեցնել վտանգավոր միջուկային նյութերի քանակությունը, բարելավել առկա միջուկային նյութերի անվտանգության մակարդակը, ինչպես նաև կատարելագործել միջազգային համագործակցությունը: Ըստ նախարարության աշխատակցի` գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու ահաբեկիչների կողմից միջուկային նյութեր ձեռք բերելու վտանգավորության հարցը։
Միջոցառմանը ակնկալվում է աշխարհի երկրների ու միջազգային կազմակերպությունների ավելի քան 50 առաջնորդների, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը:
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանի համոզմամբ` Հայաստանը պետք է մասնակցի միջուկային անվտանգությանը նվիրված նմանատիպ բոլոր հնարավոր միջոցառումներին, ավելին` դառնա համաշխարհային անվտանգության համակարգերի մի մասնիկը, կատարի փորձի փոխանակում: Պատգամավորը հիշեցրեց` Հայաստանն ունի ատոմակայան և միջուկային ֆիզիկայի գիտնականների լավ դպրոց:
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանի խոսքով` պետք է աջակցել, որ միջուկային էներգիան օգտագործվի խաղաղ ճանապարհներով: «Այսօր մոլորակն այնքան դեստաբիլիզացված է մարդու ազդեցության հետևանքով, և դա ֆիքսվում է բոլոր կառույցների կողմից։ Ի վերջո, մարդը պետք է հասկանա, որ կարիք չունենք իրար հետ կռվելու, միջուկային զենք արտադրելու, որովհետև մոլորակն է մեր հարցերը լուծում. մոլորակը դուրս է եկել մեր դեմ, և մենք գումարները պետք է ուղղենք ոչ թե միջուկային զենք արտադրելուն, շարունակելուն և այլն, այլ էկոլոգիական խնդիրները լուծելուն»,- ասաց նա:







































