Սպիտակում երկու հրապարակներից մեկը, նաև նույն հրապարակից սկիզբ առնող փողոցը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի անվամբ է: Նույն հրապարակում գործում է նաև «Ուկրաինա» սրճարանը: Հրապարակի անվանակոչությունը դեռևս 88-ի երկրաշարժից հետո է արվել ի պատիվ Յանուկովիչի՝ Սպիտակի վերականգնման աշխատանքներում նրա մասնակցության համար: Փողոցն ամբողջությամբ բարեկարգվել, և սրճարանը նույնպես կառուցվել է նրա կողմից ու նվիրաբերվել ներկայիս սեփականատիրոջը:
Ուկրաինայի վերջին դեպքերից հետո քաղաքացիական ակտիվիստները Յանուկովիչի հրապարակում նրա անունը կրող ցուցատախտակի վրա փակցրել էին «Սերգեյ Նիգոյանի անվան հրապարակ. Փոքր Մայդան» և «площа iменi Сергiя Нiгояна․ Малий Майдан» հայերեն և ուկրաիներեն գրություններով ցուցանակներ՝ պահանջելով հրապարակը վերանվանել Եվրամայդանի զոհերից Նիգոյանի անունով:
Բայց Սպիտակի հրապարակը շարունակում է մնալ Յանուկովիչի անվամբ, և ինչպես հավաստիացանք քաղաքապետ Գագիկ Սահակյանի հետ զրույցից, չի էլ անվանափոխվի: «Հրապարակը, որ անվանվում է, հաստատվում է ավագանու կողմից: Մինչև նույն ավագանին իր որոշումը հետ չկանչի, նման բան չի կարող լինել, որ ակտիվիստը գա անվանակոչի, և քաղաքապետն էլ համաձայնի կամ չհամաձայնի»: Դիտարկմանը, սակայն, որ ավագանու նիստում գոնե կարող էր քննարկվել առաջարկությունը, քաղաքապետն ասաց. «Թող առաջարկեին, քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես գային, կգային կմասնակցեին ավագանու նիստին,- բայց անմիջապես էլ ավելացրեց,- և իհարկե, ակտիվիստներին կբացատրեինք, որ մարդը լավ գործ է արել, նույնիսկ փլատակների տակ մնացած մարդիկ են հանել»:
Այսինքն՝ անկախ քննարկումից, դիրքորոշումը չէր փոխվելու. «Ասում եմ՝ իմ անձնական դիրքորոշումը իհարկե չէր փոխվի: Ես նույնիսկ օրինակ եմ բերել. մեր քաղաքում Ռիժկովի կիսանդրին է դրված, եթե հանցագործություն կատարի, գնանք արձանը ջարդենք-քանդե՞նք: Իսկ դուք ճի՞շտ եք համարում, որ Լենինի արձանները հենց Ուկրաինայում կոտրվում-հանվում են: Եթե անձը դուր չի գալիս, գոնե կարելի է պատմամշակութային արժեք դիտել, չէ՞, այդ հուշարձանը»:
Սպիտակի քաղաքապետը հակադարձում է, որ մոտ 100 զոհերի մահվան պատճառը Յանուկովիչն է. «Ես շատ լավ հիշում եմ օրերի խրոնիկան. առաջին օրը, որ զոհեր եղան, 25 մարդու մասին էին խոսում, որից 10-ը իրավապահ մարմնի ներկայացուցիչներ էին, և հարց եմ ուղղում՝ ինչպե՞ս ստացվեց, որ զինվածների կեսը իրավապահներ էին, կեսը՝ ցուցարարներ: Եթե դուք դրա պատասխանատուին գտնեք, դրա պատասխանն էլ կգտնեք՝ ով ինչ արեց: Ես, համենայն դեպս, կարծում եմ, որ քանի դեռ որևէ դատ-դատաստան չի եղել, մարդուն՝ մանավանդ երկրի ղեկավարին, բռնակալի, մարդասպանի պիտակներ կպցնել, այն էլ՝ Հայաստանում, ոչ կոռեկտ է»:
Գագիկ Սահակյանը Մաքսային միությանը անդամակցությանն էլ է դրական վերաբերվում և անհամբեր սպասում ՄՄ համաձայնագրերի շուտափույթ ստորագրմանը, և ընդհանրապես, ՀՀԿ-ական քաղաքապետը խոստովանում է իր ռուսամետ կողմնորոշումը. «Բոլորս ենք ռուսամետ, որովհետև մեր գեների հետ է գալիս դա՝ շատ վաղուցվանից. Ռուսաստանի հովանավորությունը հայ ազգը միշտ է զգացել, էսօր էլ բացառություն չէ: Սա մեր արյան հետ է գալիս»:











































