ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Յուրի Սերգեևը մեղադրել է Ռուսաստանին անցած շաբաթվա ընթացքում Ղրիմում 16 հազար զինվորներ տեղակայելու մեջ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Սերգեևը, ելույթ ունենալով ՄԱԿ ԱԽ-ի արտակարգ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ զորքերը թերակղզի են բերվել ռազմանավերի, ուղղաթիռների և բեռնատար ինքնաթիռների օգնությամբ Ռուսաստանի հարակից տարածքից:
Գիշերը ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն իր հերթին հայտնել է, որ տեղեկություններ են ստացվում Ուկրաինայի տարածքում ռուսական Սևծովյան նավատորմի նկատմամբ հնարավոր սադրանքների մասին:
Չուրկինի խոսքով՝ Ռուսաստանն իրավունք ունի Ղրիմում տեղակայելու 25 հազար զինվորականի՝ Սևծովյան նավատորմի մասին համաձայնագրի շրջանակում: Այս մասին նա հայտնել է՝ ԱԽ-ում պատասխանելով այն պնդմանը, որ թերակղզում ռուսական հավելյալ ուժեր են տեղակայվել:









































