ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երկուշաբթի օրը Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ մամուլի վրա ճնշում գործադրելուց: Այս մասին գրում է կազմակերպության կայքը:
«Ես բոլոր կողմերին կոչ եմ անում զերծ մնալ ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումներից կամ բռնություն գործադրելուց: ԶԼՄ-ների բերանը փակելը երբեք էլ ընդունելի չէ՝ հատկապես ճգնաժամի ժամանակ»,- ասել է Դունյա Միյատովիչը:
ԵԱՀԿ հայտարարությունը մասնավորապես հղում է անում այն հաղորդագրություններին, որոնց համաձայն՝ իբր Ղրիմում մարտի 3-ին փակվել է «Չեռնոմորսկայա» հեռուստառադիոընկերությունը և Ղրիմի նախարարների խորհրդին սպառնալիքով կարգադրվել է դադարեցնել Կիևից մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը:










































