«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի ղեկավար, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:
– Պարոն Ղազինյան, օրեր առաջ մամուլում շրջանառվում էին կարծիքներ, որ Մայդանում հաղթեց Արևմուտքը, այս օրերին մենք Ղրիմի դինամիկ զարգացումների ականատեսն ենք, որտեղ գլխավոր խաղացողը Ռուսաստանն է: Կխնդրեի ամփոփեք վերջին ամիսների զարգացումները:
– Նախ` որպեսզի հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, և ինչ իրավիճակի հետ մենք գործ ունենք հիմա, պետք է հասկանալ աղբյուրը, թե որտեղից առաջացավ այս ամբողջ լարվածությունը: Յանուկովիչն ընտրվեց Ուկրաինայի նախագահ՝ խոսք տալով Ուկրաինայի ժողովրդին, որ ավարտին կհասցնի, կստորագրի և գործողության մեջ կդնի ԵՄ հետ ասոցացման եվրոպական համաձայնագիրը, որով ստացավ Ուկրաինայի ժողովրդի քվեն, տարվեցին բանակցություններ, որի արդյունքում պայմանագրերն ամբողջացվեցին, նախաստորագրվեցին, և արդեն պետք է ստորագրվեր Վիլնյուսում նախանշված գագաթնաժողովի շրջանակներում: Անսպասելիորեն Ուկրաինայի ժողովրդի համար, գոնե արևմտյան և կենտրոնական մասում ապրող քաղաքացիների համար, վարչապետը հայտարարեց, որ դադարեցնում, կասեցնում են եվրաասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքները ԵՄ հետ:
Դրան նախորդեցին հանդիպումներ ՌԴ և Ուկրաինայի առաջնորդների միջև, և արդեն իսկ գնացին շշուկներ, և նաև կար կարծիք, որ Ուկրաինան փոխում է իր արտաքին, տնտեսական քաղաքականությունը և առավելապես հակվում Մաքսային միության անդամակցությանը: Այստեղ, բնականաբար, բողոքի ալիք բարձրացավ, ընդ որում` արդարացի բողոքի ալիք բարձրացավ, խաբված ժողովուրդը դուրս եկավ փողոց և պահանջեց կատարել նույն Յանուկովիչի նախընտրական խոստումը և ավարտին հասցնել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը և գործողության մեջ դնելը: Սկզբնական շրջանում օրակարգում, փաստացի, Ուկրաինայի եվրոպական ապագան երաշխավորելն էր: Այնուհետև փորձ արվեց ուժով ճնշել, ուսանողներին մասնավորապես սկսեցին հետապնդել, հալածել, որը հանգեցրեց ավելի մեծ, մասսայական միջոցառումների: Բողոքի ակցիայի մասնակցող մարդկանց թիվը մի քանի անգամ, տասնյակ անգամներ ավելացավ, նույնիսկ այդ կիրակնօրյա Վեչեների ժամանակ հավաքվեցին բավական մեծ թվով՝ մոտավոր հաշվարկներով մինչև կես միլիոն մարդ, որոնք ներկայացրին իրենց պահանջը, որ ստորագրվի այդ համաձայնագիրը:
Ուկրաինայի իշխանությունների կողմից ոչ ադեկվատ արձագանքի և ուժի միջոցով հարցը փակելու փորձերի արդյունքում առաջացավ Ուկրաինայի կենտրոնական և արևմտյան բնակչության մեծ դիմակայություն, որի արդյունքում տեղ գտան ծայրահեղ ազգայնական տրամադրություններ, իսկ ընդհանրապես ծայրահեղ ազգայնական տրամադրությունների համար պարարտ հող է հանդիսանում այլ գաղափարախոսության առկայությունը և բացակայությունը: Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ ստեղծվել էր մի իրավիճակ, որ ներքևից պահանջում էին, իսկ վերևից չէին կարողանում: Եվ այս գաղափարական վակուումի մեջ ծայրահեղ ազգայնականները ի հայտ եկան իրենց օրակարգով, որը մեծ համակիրների բանակ ձեռք բերեց Ուկրաինայում: Նրանք դարձան իրավիճակի տերը և դարձան թելադրող Մայդանի քաղաքականության մեջ:
Այնուհետև, երբ հարցը պետք է ինչ-որ ձևով հանգուցալուծվեր, քանի որ արդեն 2-3 ամիս տևող այս գործընթացը պետք է ինչ-որ ձևով ավարտվեր, Ուկրաինայի իշխանությունները որոշեցին, որ վերջնականպես հարցը փակեն, ու գնացին բավականին կոշտ մեթոդների, ինչի արդյունքում սպանվեցին քաղաքացիներ, արդեն եղան հարձակումներ բնականաբար պետական շենքերի վրա, ծայրահեղական տրամադրված զանգվածի կողմից Մայդանը գնաց ինքնապաշտպանության, և սկսվեցին այդ բախումները, որը մենք գիտենք, որ հանգեցրեց 80-ից ավել մարդկային կյանքի զոհերի, և դրա արդյունքում ուղղակի եկան արտաքին գործերի այդ 3 նախարարները, և այսպես կոչված` ընդդիմության առաջնորդների հետ համատեղ ստորագրվեց ճգնաժամից դուրս գալու մի համաձայնագիր, որի տակ, իմիջիայլոց, չստորագրեց Ռուսաստանը: Այսինքն, բոլոր կողմերը համաձայնեցին՝ բացառությամբ Ռուսաստանի և Մայդանի, որովհետև պետք է ընդունենք, որ ընդդիմության առաջնորդները չէին ներկայացնում Մայդանը: Այնտեղ տիրում էին բոլորովին այլ տրամադրություններ, նրանք ունեին իրենց սեփական պատկերացումը Ուկրաինայի ապագայի վերաբերյալ, և ուղղակի Մայդանը մերժեց այն, ինչ որ համաձայնել էին, և նույնիսկ սուլեցին այդ առաջնորդներին, ովքեր եկան Մայդան և փորձեցին հիմնավորել, որ համաձայնագիրն առավելագույնն էր, որ իրենք կարող էին հավակնել և ստանալ Ուկրաինայի նախագահից այս պահի դրությամբ: Եվ արդյունքում Յանուկովիչը հասկացավ, որ ակտիվ բանակի կիրառումը այս պահի դրությամբ հղի է անսպասելի հետևանքներով, և ուղղակի թողեց իր պաշտոնը, թողեց իր նստավայրը և դիմեց փախուստի: Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որ Ուկրաինան մնաց առանց նախագահի, առանց իշխանության, և ձևավորվեց հեղափոխական իշխանություն:
– Ինչպե՞ս եք գնահատում այս ողջ ընթացում Արևմուտքի վարած քաղաքականությունը:
– Սկզբնական շրջանում բողոքի ակցիաներին Արևմուտքը որևէ ձևով չէր մասնակցում, ընդամենը հորդորում էր ձեռնպահ մնալ ուժի կիրառումից խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ես ինքս, հետևելով պրոցեսին, չէի նկատում արևմտյան որևէ ուղղորդում, չնայած որ դավադրության տեսության կողմնակիցները վստահ են, որ սա դեռ երկար ժամանակ առաջ ծրագրված միջոցառում էր, բայց ծրագրել մասսայական բողոք, ծրագրել նման արդար ցասում և նման ոչ արդար մոտեցում սեփական ժողովրդի նկատմաբ, ճիշտն ասած, մի քիչ դժվար է: Սկզբնական շրջանում դա ուներ ինքնաբուխ բնույթ, հետագայում, իհարկե, երբ որ դա ստացավ համակարգված պրոցեսի տեսք, Արևմուտքը սկսեց աշխատել այս ուղղությամբ` բնական է աջակցելով, տեսանք, թե ինչպես Քեթրին Էշթընը և ԱՄՆ պետքարտուղարը եկան Մայդան, ինչպես նրանք իրենց զորակցությունը, աջակցությունը հայտնեցին Մայդանի մասնակիցներին: Դա արդեն ուղիղ աջակցություն էր, որ փաստացի ցուցաբերում էր Արևմուտքն այդ պրոցեսին, որի արդյունքում ուղղակի իշխանություններին թույլ չէին տալիս խնդիրը լուծելու համար գնալ ռադիկալ մեթոդների և միջոցների: Արևմուտքն ընդամենը երաշխավորում էր, որ չպետք է տեղի ունենար ընդդիմություն և խաղաղ ցուցարարների նկատմամբ որևէ բռնություն, իսկ մենք տեսանք, որ պրոցեսը խաղաղ հունից տեղափոխվեց արդեն բախումների դաշտ, որի մեղավորը, որի սադրիչն իշխանությունն էր` «Բերկուտով», որ փորձեց, այսպես ասած, խեղդել և դադարեցնել Մայդանի գոյությունը, հարձակում գործեց Մայդանի վրա, տեսանք, թե ինչպիսի կազմակերպված ուժով նրանք փորձում էին մաքրել այդ տարածքը, դիմադրությունը բավականին մեծ էր, և արդյունքում նրանք անցան հարձակման. սովորական հեղափոխություն, նորմալ, որը մենք տեսել ենք շատ անգամներ մարդկության պատմության ընթացքում, թե ինչպես է ժողովուրդը գնում հեղափոխության:
– Ղրիմի զարգացումներն ինչպե՞ս կմեկնաբանեք: Փաստորեն, այստեղ կարծես Ռուսաստանը սառը ջուր լցրեց Արևմուտքի գլխին իր անսպասելի քայլով: Ինչո՞վ է սա ավարտվելու, ո՞ւր են տանում զարգացումները:
– Ասեմ, որ սա անսպասելի էր: Ղրիմը Ռուսաստանի համար ունի կենսական նշանակություն, ռազմավարական նշանակություն, անվտանգության նշանակություն: Ակնհայտ է, որ Ուկրաինան արդեն անվերադարձ փոխում է իր քաղաքական գերակայությունները: Եթե 2004թ. «նարնջագույն» հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերը դեռևս հնարավորություն ունեին վերադառնալու ռուսական քաղաքականության դաշտ, ինչը տեղի ունեցավ` մենք տեսանք Յանուկովի ընտրությամբ նախագահի պաշտոնում, ապա հիմա 80 և ավելի մարդկանց կյանքի արդյունքում ձեռք բերված հաղթանակը ոչ մեկը չէր զիջելու: Զիջելու պարագայում կհանգեցներ Ուկրաինայի մասնատման: Դա ՌԴ-ն շատ լավ հասկացավ և իր առջև որպես գերխնդիր դրեց իր սեփական անվտանգության համակարգի կենսունակության ապահովման հարցը, այն է` երաշխավորել Ղրիմում տեղակայված իր նավատորմի ռազմական բազայի գոյությունը: Ինչով է դա կարևոր Ռուսաստանի համար. եթե Ուկրաինայի իշխանությունները որոշեն դիմել ՆԱՏՕ-ին անդամակացելու համար՝ իրենց տարածքում ունենալով հակառակ ռազմական բլոկի ռազմական բազա, դա ուղղակի անհնար կլինի: Փաստացի, Ղրիմում գտնվող ռուսական նավատորմը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու երաշխիքն է: Հետևաբար, պետք էր դիմել կոնկրետ միջոցների: Բայց, ինչպես միշտ է պատահում, ամեն ինչ արվեց դիլետանտ կերպով:
Դա կարող էր արվել ավելի գրագետ ձևով, այն առումով, որ փաստարկվեց, թե վտանգ է սպառնում ռուսալեզու բնակչությանը, ինչպես նաև շշուկներ տարածվեցին, որ Ուկրաինան մտադիր է միակողմանիորեն խզել, դադարեցնել խարկովյան համաձայնագիրը, որի ուժով նրան տրվել է վարձակալության այդ ռազմաբազան Ղրիմում, վկայաբերեց նաև իր քաղաքացիներին սպառնացող վտանգը, որը որպես հիմք և առիթ հանդիսացավ Ռուսաստանի նախագահի համար, որպեսզի ներկայացնի առաջարկություն Ուկրաինայի տարածքում Զինված ուժերի օգտագործման համար: Մինչդեռ որևէ դեպք, որը սպառնալիք կլիներ ռուսալեզու բնակչությանը, որևէ հարձակում կամ պրոբլեմ Ռուսաստանի քաղաքացիների հետ Ուկրաինայում և մասնավորապես Ղրիմում չկար, ուժ չի գործածվել նրանց նկատմամբ: Ես կասեի հակառակը` տեսանք, թե Խարկովում, Դոնեցկում ինչպես են հաշվեհարդար տեսնում նույն ռուսալեզու, Ռուսաստանի քաղաքացիներ համարվող ժողովրդի կողմից նրանց նկատմամբ, դաժան ծեծի ենթարկեցին: Այստեղ փաստարկումն էր բավականին թույլ, այն առումով որ վտանգ չի սպառնում. Ղրիմը մասնավորապես մեծամասամբ բնակեցված է ռուսալեզու բնակչությամբ, և այնտեղ որևէ վտանգ չկար այդ բանկչության նկատմամբ, գոնե գործնականում չէր եղել նման բան: Թերևս մինչև հիմա պնդում են, որ Ռուսաստանը դեռևս զորք չի մտցրել Ուկրաինա, այլ ընդամենը ստացել է դա անելու թույլտվություն իրենց Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով Դաշնային խորհրդի կողմից, բայց մենք տեսնում ենք, որ Ղրիմում առկա են առանց տարբերանշանի զինված մարդիկ, զրահատեխնիկա, որը փակել է բոլոր ելքերն ու մուտքերը, և թե ովքեր են նրանք, դեռևս անհայտ է, Ռուսաստանը մերժում է, որ դրանք իր զորքերն են, նշանակում է դրանք ինչ-որ գրոհայիններ են, որոնց պետք է, բնականաբար, արդեն մեկուսացնել: Եթե որևէ մեկը չի ստանձնում պատասխանատվություն այդ մարդկանց համար, թե ովքեր են այնտեղ փակել բոլոր ճանապարհները, ովքեր են կանգնած զինված, եթե չեն ասում, թե ովքեր են և օգտագործում են զրահատեխնիկա, դա անմիջական սպառնալիք է Ղրիմում գտնվող խաղաղ բնակչության համար: Պետք է ինչ-որ մեկը պատասխանատվություն ստանձնի և ասի, որ դա ես եմ, որ ներկայացված եմ Ղրիմում:
– Պարոն Ղազինյան, ռուսական գործողությունները Ղրիմում արդյոք բուդապեշտյան համաձայնագրի կոպիտ խախտում չե՞ն, և այդ համաձայնագիրը ի՞նչ հնարավորություներ է տալիս համաձայնագրի կողմերին՝ բացի Ռուսաստանից: Ի՞նչ կարող են կիրառել Ռուսաստանի դեմ:
– Պետք է ասել, որ Ուկրաինայի իրադարձությունները նոր էջ բացեցին միջազգային հարաբերությունների, միջազգային դիվանագիտության և իրավունքի նորմերի իմպլեմիտացման պրակտիկայում: Ռուսաստանը մասնակից լինելով ՄԱԿ-ի բազմաթիվ կոնվենցիաների, ինչպես նաև կողմ լինելով 94թ. դեկտեմբերին ստորագրված քառակողմ հուշագրին, որով 3 պետությունները` Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը, ընդունում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, քաղաքական ինքնիշխանությունը, տեսում ենք, որ Ռուսաստանը միակողմանիորեն մտադիր է խախտել հուշագիրը: Բայց փաստ է մի բան, որ ներկայումս փորձ է արվում գոնե ուժով պահել Ղրիմը ռուսական ազդեցության դաշտում՝ դրանով իսկ երաշխավորելով իր ռազմաբազայի առկայությունը Ղրիմում: Հուշագրի խախտումը, ըստ էության, որևէ իրավական հետևանք չի առաջացնում: Սա ընդամենը կլինի Ռուսաստանի միջազգային վարկանիշի կորուստ: Տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքները, որոնք ամրագրված են միջազգային իրավունքում, այս պահին գտնվում են խախտման փուլում, որովհետև որպեսզի մի պետություն ԶՈւ օգտագործի այլ պետության տարածքում, անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը: Կամ` գոնե այդ ուժերի կիրառումը պետք է հստակ ապացուցված լինի, ինչի նախադեպեր մենք ունեցել ենք Աֆղանստանում, Իրաքում: Շատ է շահարկվում այն հարցը, թե ԱՄՆ-ին կարելի է, իսկ Ռուսաստանին` չէ՞: Սա ոչ թե սուբյեկտների հարց է, այլ թե ինչի արդյունքում է որոշում կայացվում գնալ ռազմական ինտերվենցիայի, արդյոք մինչև ռազմական ուժի դիմելը գործարկվում և փորձակվո՞ւմ են բոլոր հնարավոր այլ մեխանիզմներն ու գործիքները: Միանշանակ կարող եմ ասել, որ Իրաքի պարագայում ԱՄՆ-ն փորձեց ամեն ինչ անել ռազմական ինտերվենցիայի չգնալու համար, որովհետև նախ ԱՄՆ-ում դեմոկրատական իշխանություն է, և նաև որովհետև չգտան քիմիական զենքը: Այս պարագայում նախորդող գործընթաց մինչև ԶՈւ օգտագործումը մենք չտեսանք, չնայած որ կարելի էր դիտարկող խումբ ուղարկել Ղրիմ, կարելի էր օգտագործել ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի հնարավորությունները, գտնել համատեղ աշխատանքի ձևաչափեր: Եթե իրականում խնդիր էր ռուսալեզու բնակչության անվտանգությունը երաշխավորելը, կարելի էր միջազգային ձևաչափով հորդորել Ուկրաինայի նոր իշխանություններին վերականգնել ռեգիոնալ լեզուների կարգավիճակը, սահմանափակել ֆաշիստական գաղափարախոսության իրավասությունը Ուկրաինայում և ստանալ երաշխիքներ, որ ռուսալեզու փոքրամասնությունը օժտված կլինի և կօգտվի Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիայով իրենց տրված իրավունքներից: Դրանք որևէ ձևով չփորձարկվեցին: Վերջնարդյունքում Իրաքի պարագայում որոշակի համեմատություններ կան: ԱՄՆ-ն ռազմական գործողություններ իրականացրեց Իրաքում առանց ՄԱԿ-ի ԱԽ որոշման: Բայց թե ինչ արեց ԱՄՆ-ն մինչ ռազմական ինտերվենցիան, քանի տարի տևեցին բանակցությունները, թե ՄԱԿ-ի միջազգային քանի առաքելություններ գործուղվեցին Իրաք, քանի անգամ խնդրեցին Հուսեյնին բացել դրանք ստուգելու, ուսումնասիրելու հնարավորություններ տալ և քանի անգամ մերժում ստացան Իրաքի առաջնորդից, նա ուղղակի թույլ չէր տալիս մտնել տարածքներ, որտեղ կասկածվում էր, որ կա քիմիական զենքը: Դրա արդյունքում եղավ որոշում, որ այլևս հնարավոր չէ, և եղավ քիմիական զենքի օգտագործման առիթ Հյուսիսային Իրաքի նկատմամբ: Ձևի և բովանդակության միջև տարբեր են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմավարությունները:
– Ինչպե՞ս պետք է Արևմուտքը զսպի Ռուսաստանի այս քաղաքականությունը: Ի՞նչ քայլեր եք դուք ակնկալում և ի՞նչ քայլեր եք անհարժեշտ համարում այսօր:
– Դժվար է ասել, որովհետև կարծես քայլեր կատարվում են Ռուսաստանին հորդորելու մնալ միջազգային իրավունքի սահմանած շրջանակներում. դա աշխարհաքաղաքական և տնտեսական մեկուսացումն է, որ այս պահին տեղի է ունենում, մասնավորապես` Սոչիում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի անցկացումը կարելի է համարել չկայացած, ինչպես նաև տնտեսական բնույթի սանկցիաները, որն Արևմուտքը կփորձի կիրառել Ռուսաստանի նկատմամբ և նաև այդ ձևաչափով կփորձի Ռուսաստանի հետ երկխոսության եզրեր գտնել: Այդ ձևաչափը փաստացի կա, այս պահին ընթանում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի արտակարգ նիստ: Ըստ իս` ԵՄ-ն ունի բոլոր հնարավորությունները միջնորդական դեր ստանձնելու և Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև դաշինքով գտնելու հարցի լուծում: Ինձ համար հուսադրող է այն, որ երեկ ՌԴ նախագահը և Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույցի միջոցով եկել են համաձայնության ԵԱՀԿ շրջանակներում Ղրիմ դիտորդական առաքելություն գործուղելու հարցում: Սա ինձ հույս է տալիս առ այն, որ Արևմուտքը ի դեմս Եվրամիության կգտնի հնարավորություն աշխատելու Ռուսաստանի հետ՝ դրանով իսկ նվազեցնելով ռազմական գործողություններ սկսելը և իրավիճակի լարվածության էսկալացիան: Գոնե կսկսվի գործընթաց, որը ժամանակավորապես, հուսամ ընդմիշտ, կհեռացնի զենքի օգտագործումը Ուկրաինայում, որը նույնն է թե` համարել պատերազմ պետությանը: Իսկ այդ պատերազմը կլինի ուղղակի աղետալի: Եվ պետք է գտնել բոլոր հնարավոր միջոցները դա թույլ չտալու համար:
– Այս օրերին և՛ Քերին, և՛ Մըքքեյնը խոսեցին սառը պատերազմի մասին՝ փորձելով Ռուսաստանին հորդորել դրա անթույլատրելիության մասին: Դուք ներուժ տեսնո՞ւմ եք այսօր:
– Չի կարելի նույնացնել 50-ականների սկզբի Խորհրդային Միությունը այսօրվա Ռուսաստանի հետ: Դրանք տարբեր տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական պոտենցիալ ունեցող միավորներ են: Խորհրդային Միությունը իրեն կարող էր նման ճոխություն թույլ տալ` մտնել սառը պատերազմի մեջ Արևմուտքի հետ, մասնավորապես հետպատերազմական կործանված և ամբողջապես ավերված ենթակառուցվածքներ ունեցող Եվրոպայի հետ, ԱՄՆ-ն ավելի քիչ էր տուժել պատերազմի արդյունքում: Կարծում եմ, որ Ռուսաստանը ներկայումս չունի այդ հնարավորությունը Արևմուտքի հետ մտնելու երկարատև սառը պատերազմի մեջ: Ե՛վ տնտեսապես, և՛ քաղաքականապես, և՛ դեմոգրաֆիկ, և՛ մշակութային, և՛ արժեհամակարգային որևէ հնարավորություն ու ռեսուրս չունի դա անելու համար:







































