Հայաստանի ու Եվրամիության հարաբերություններում ոչինչ չի փոխվել` նախագահական նստավայրում անցյալ շանաթ ընդունելով Հունաստանի խորհրդարանի նախագահին հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Եթե որևէ երկիր կամ գործիչ հետաքրքրվում է ԵՄ-ՀՀ հարաբերություններով, ապա Ս. Սարգսյանի նման հայտարարությունից հետո կամ պետք է վիրավորված զգար իրեն, քանի որ Ս. Սարգսյանն ակնհայտորեն թյուրիմացության մեջ է փորձում գցել տվյալ գործչին, կամ էլ պետք է կարեկցեր ՀՀ-ին, որի նախագահի պաշտոնակատարն է նման լուջ հարցում թյուրիմացության մեջ: ՀՀ իշխանությունը հայտնվել է մի վիճակում, երբ փորձում է մեղր ասելով` քաղցրացնել բերանը:
Բանն այն է, որ քաղաքական մեղսունակության նշույլն անգամ բավարար է տեսնելու համար, որ ՀՀ-ի ու ԵՄ միջև, այնուամենայնիվ, գոնե մի բան փոխվել է՝ ՀՀ-ն չի ստորագրել Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, որի շուրջ բանակցում էր երեք տարի և ավելի: Ավելին` այդ համաձայնագիրը հանդիսանում էր այդ երեք ու կես տարիների ՀՀ-ԵՄ հարաբերությունների առանցքային խնդիրը, և եթե այսօր համաձայնագիրը տապալված է, նշանակում է` տապալված է հարաբերությունների առանցքը, այսինքն` այդ հարաբերությունները ոչ միայն առնվազն փոխվել են մի բացակայող ստորագրությամբ, այլ փոխվել են առանցքով: Եվ եթե երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը այդ փոփոխությունը փորձում է չնկատել կամ չի նկատում, ապա դա կամ դիմացինի հանդեպ ուղղակի անհարգալից վերաբերմունք է, կամ էլ պարզապես քաղաքական անմեղսունակության, աճպարարության անհաջող դրսևորում:
ԵՄ-ն արդեն ամիսներ շարունակ փորձում է ՀՀ-ից քիչ թե շատ շոշափելի և ողջախոհ առաջարկ ստանալ հարաբերությունների հետագա կոնկրետացման հարցում: ՀՀ իշխանությունները, սակայն, այս ամենի փոխարեն միայն ու միայն կոնկրետ մեղադրանքներ են փորձում հնչեցնել եվրոպական գործընկերների հասցեին, թե իբր Եվրոպան էր, որ «կամ…, կամ…» հարցադրումով արգելակեց ՀՀ ասոցացումը: Եվրոպացիները նախընտրում են առայժմ չտեսնել այդ մեղադրանքները և չլսել, բայց դա երևի թե ժամանակավոր երևույթ է: Այսինքն` այդ համբերությունն անկասկած վերջ ունի: Սակայն ՀՀ իշխանությունները այդ մասին գլխի ընկնելու փոխարեն, ԵՄ լռությունը երևի թե ընկալում են կամ համաձայնության, կամ անհամարձակության նշան և շարունակում են մեղադրանքները: Սակայն Եվրոպան լռում է նաև մեկ այլ պատճառով: ՀՀ-ին անգամ այդ դեպքերի համար պատասխանելն են համարում ավելորդ: Այսինքն` ՀՀ հանդեպ լիակատար անտարբերություն է, ինչն էլ, ըստ էության, արտահայտվեց ԵՄ-ի վերջերս պատրաստած նոր փաստաթղթում, որը մշակել են Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքների հիման վրա արված հետևություններով ու եզրակացություններով: Այդ փաստաթղթում կոնկրետ ՀՀ-ին վերաբերող խնդիրները և նպատակները չափազանց սուղ են, գրեթե արարողակարգային, այսինքն` հիշատակվել են, որովհետև չէին կարող մոռանալ լիովին:
Իրականում, սակայն, ՀՀ-ի ու ԵՄ հարաբերություններից լիովին չեզոքացել է քաղաքական բովանդակությունը: Նույնիսկ վիզաների դյուրացման մասին համաձայնագիրը, որ ստորագրվել էր մինչև սեպտեմբերի 3-ը և ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, ըստ էության գործում է թղթի վրա և չունի բովանդակություն, չի ստացել իրական բովանդակություն: ՀՀ քաղաքացիները, որոնք դիմում են ԵՄ երկրներ այցելելու համար, բացի վիզայի համար կատարվող վճարի էժանացումից, որևէ այլ փոփոխություն, որևէ մի այլ դյուրացում չեն արձանագրում: Եվ այստեղ խնդիրը բոլորովին էլ բյուրոկրատական չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Այստեղ խնդիրը քաղաքական է, ինչպես որ քաղաքական էր ինքնին ստորագրված համաձայնագիրը դյուրացման և ռեադմիսիայի մասին: Երբ քաղաքական բովանդակությունը դուրս է գալիս ՀՀ-ԵՄ հարաբերությունների միջակայքից, մնում է ընդամենը բյուրոկրատիան:
Եվ այսօր ՀՀ-ԵՄ հարաբերությունները մաքուր բյուրոկրատական են, այլ կերպ ասած` ընդամենը ԵՄ բյուրոկրատիայի ինքնապահպանման ձգտումներն են արտացոլված այդ հարաբերություններում, քանի որ այլ նպատակներ, մոտիվատորներ, խթաններ և քաղաքական առաջադրանքներ հիշյալ բյուրոկրատիան, այսինքն` եվրաչինովնիկները, ուղղակի չունեն: Պարզապես նրանք փորձում են պահպանել իրենց աշխատանքի ծավալը, ինչից էլ վարձատրության որոշակի ծավալներ են, բնականաբար, պայմանավորված: Եվ սա փոխարեն այն հեռանկարների, որ առկա էին հարաբերությունների քաղաքական բնույթի ուրվագծման դեպքում, եթե հետագայում գործողությունների շնորհիվ հնարավոր լիներ այդ ուրվագծերը վերածել կոնկրետ, շոշափելի շրջանակների և քաղաքական օրակարգի` դրանից բխող տնտեսական և քաղաքական երկարաժամկետ հեռանկարներով:
Հիմա, երբ այս ամենն այլևս չկա, և չկան նշույլներ, որոնք հիմք կտան ասելու, թե երբ է հնարավոր վերադարձ, գոնե մասնակի վերադարձ այս ամենին, հայտարարվում է, թե ՀՀ-ԵՄ հարաբերությունների առումով ոչինչ չի փոխվել: Այո՛, ոչինչ չի փոխվել այն ժամանակի համեմատ, երբ Հայաստանը ԽՍՀՄ կազմում էր, իսկ Սերժ Սարգսյանն էլ կազմում էր կոմկուսի աստիճանակարգով առաջ շարժվելու պլաններ: Այդ ժամանակի համեմատ, ՀՀ-ԵՄ հարաբերություններն այժմ իսկապես ոչնչով չեն փոխվել:








































