«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի Հակամարտությունների և միգրացիայի բաժնի ղեկավար, քաղաքագետ, ադրբեջանցի կոնֆլիկտոլոգ Արիֆ Յունուսովը:
– Պարոն Յունուսով, այն, ինչ այսօր Ռուսաստանն իրականացնում է Ղրիմում, ինչպե՞ս կանդրադառնա Հարավային Կովկասի և Անդրկովկասի անվտանգության վրա:
– Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականությունն ինձ հիշեցնում է 1938թ. Ֆաշիստական Գերմանիայի քաղաքականությունն Ավստրիայի նկատմամբ. շատ նման են: Եթե վերցնենք Հիտլերի խոսքերը, ապա պետք է փոխել Գերմանիա և գերմանացիներ բառերը Ռուսաստան և ռուսներ բառերով: Այս հարցում նմանությունը շատ մեծ է: Ռուսաստանի գործողությունները աջակցություն են անջատողականությանը: Բայց ոչ այնքան վտանգավոր է սա, որքան այն, որ դրանք միջազգային ողջ իրավունքի համակարգի խախտում են: Սա շատ վտանգավոր նախադեպ է, որը կարող է անդրադառնալ մեր բոլորի վրա, որովհետև աշխարհն այսօր գոյություն ունի շնորհիվ միջազգային իրավունքի հարցում որոշակի հավասարակշռության և կոնսենսուսի: Երբ այս ամենը կոտրվում է, կա՛մ պետք է ինչ-որ նոր համակարգ ձևավորել, կա՛մ մեզ բոլորիս քաոս է սպասվում: Այսինքն՝ այստեղ արդեն խոսքը Ղրիմի կամ ուկրաինա-ռուսական հարաբերությունների մասին չէ՝ Ռուսաստանի և Պուտինի գործողությունները հանգեցնում են միջազգային կարգուկանոնի և իրավունքի խախտման:
– Կարո՞ղ է Ղրիմն արդյոք նախադեպ դառնալ ԼՂ-ի համար:
– Ես կարծում եմ՝ ոչ: Ես կարծում եմ, որ այստեղ մեկ այլ երևույթ կարող է առաջանալ, և դա երևում է ՌԴ մոտ գործընկեր երկրների՝ Բելառուսի և Ղազախստանի պահվածքից. խոսքը ռուսալեզու բնակչության դերակատարության մասին է: Այսինքն՝ Ռուսաստանը ցույց տվեց, որ կարող է հեշտությամբ միջամտել յուրաքանչյուր երկրի ներքին գործերին, այդ թվում՝ այն երկրների, որոնք իր գործընկերներն են, եթե նրանց գործողությունները չլինեն այդ քաղաքականության մասը: Այսինքն՝ այսօր խոսքը ԼՂ-ի մասին չէ: Ղրիմն այսօր ոչ միայն Ուկրաինայի ներքին խնդիրն է, այլ միջազգային խնդիր է: Կա միջազգային իրավունքի խախտում, որի շրջանում շատ բան կարող է տեղի ունենալ: ԼՂ-ի հարցում չեմ կարծում՝ նախադեպային լինի:
– Ի՞նչ պետք է անի Արևմուտքը՝ զսպելու ռուսական էքսպանսիոն քաղաքականությունը:
– Ես ենթադրում եմ, որ այս հարցում ամեն ինչ այս շաբաթ կլուծվի: Հիմա կուլիսային բանակցություններ են ընթանում, որոնք կարող են ճնշում հանդիսանալ ռուսական ղեկավարության նկատմամբ: Սոչիում պետք է կայանար «Մեծ ութնյակի» երկրների ղեկավարների հանդիպումը, և արդեն այսօր մենք տեսնում ենք, որ արևմտյան երկրները որոշում են ընդունել հրաժարվել Սոչիում կայանալիք գագաթնաժողովից՝ բաց կերպով ՌԴ-ին սպառնալով դուրս հանել G8-ի կազմից: Այսինքն՝ սա շատ լուրջ հարված կլինի ՌԴ հեղինակությանը, չէ՞ որ Պուտինը շատ բան է արել, որպեսզի իրեն ընդունեն՝ որպես լուրջ համաշխարհային տերություն, և միացնեն այս ցուցակում: Կարող են լինել այլ պատժամիջոցներ ևս: Բայց ես չեմ կարծում, որ ամեն ինչ կհասունանա և կվերածվի պատերազմի, ես ենթադրում եմ, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում դիվանագիտական միջոցներով Ռուսաստանի վրա ճնշումներ կգործադրվեն, և նույն Ղրիմի խնդիրը կփոխադրվի դիվանագիտական ու քաղաքական հարթություն:
Հնարավոր է՝ առաջարկներ հնչեն Ուկրաինայի ֆեդերալիզացիայի ուղղությամբ, Ղրիմի լայն լիազորությունների տրամադրման ուղղությամբ, բայց պարզ է, որ Արևմուտքը երբեք չի ընդունի Ղրիմում կայանալիք հանրաքվեի արդյունքները՝ առավել ևս, եթե որոշումը ՌԴ-ի օգտին լինի, դա չի ճանաչվի: Եթե Աբխազիան չճանաչեցին, Ղրիմը առավել ևս չեն ճանաչի:
Այստեղ խնդիրը լուրջ է: Ռուսաստանի նկատմամբ կլինեն պատժամիջոցներ, ճնշումներ: Բայց կարծում եմ, որ ռազմական դիմակայությունից կողմերը կխուսափեն, որովհետև այնտեղ կա ատոմային զենքի խնդիր: Իրականում այստեղ որևէ մեկը չի ցանկանում դրան հասցնել, նույնիսկ Պուտինը:
– Պարոն Յունուսով, արևմտյան քաղաքական գործիչները՝ ինչպես, օրինակ, Քերին, Մաքքեյնը, խոսում են հնարավոր սառը պատերազմի մասին: Դուք տեսնո՞ւմ եք սառը պատերազմի հնարավորություն հիմա:
– Մեծ հաշվով մենք հիմա գործ ունենք սառը պատերազմի առաջին նախանշանների հետ: Բայց խնդիրն այն է, որ իրականում սառը պատերազմը հարված է հասցնում դրա բոլոր կողմերին, այնպես չի լինում, որ մի կողմը հաղթում է, իսկ մյուսը՝ պարտվում: Ուստի կփորձեն խուսափել: Վերջին տարիների ընթացքում Ռուսաստանն արել է շատ բան, որպեսզի հեռացնի արջի բիրտ ուժի վարկանիշը, ներկայացնի իրեն որպես քաղաքակիրթ երկիր, որը բանակցություններ է անցկացնում ՆԱՏՕ-ի հետ, մասնակցում է միջազգային պրոյեկտներին: Երբ ասում են՝ սառը պատերազմ, նկատի ունեն հենց այն, որ այս իմիջին մեծ վնաս է հասցվել: Այսինքն՝ ևս մեկ անգամ վերահաստատվում է Հյուսիսային արջի իմիջը, որից բոլորը վախենում են:
– Իսկ ինչպե՞ս այս զարգացումները կանդրադառնան ռուսական ինտեգրացիոն պրոյեկտների վրա:
– Այսօր Ղրիմով Ռուսաստանը մեծ հարված հասցրեց իր ինտեգրացիոն պրոյեկտներին: Ղազախստանն ու Բելառուսը ևս բավականին ջղագրգիռ են Ղրիմում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Եվ Բելառուսում, և Ղազախստանում կա ռուսալեզու բնակչություն, ու հարց է առաջանալու նրանց մոտ՝ եթե հերթական անգամ դեմ գնան Պուտինին, ինչպիսի՞ն է լինելու իրենց ճակատագիրը: Ռուսաստանը միջազգային հարթակում մեկուսացած է, և դժվար է լինելու:
– Այսինքն՝ մենք բոլո՞րս պետք է մտավախություններ ունենանք:
– Այո, ՌԴ գործողությունները չափազանց բիրտ բնույթ են կրում, և դա ցույց է տալիս, որ ռասիզմի, ազգայնականության պրոպագանդան Ռուսաստանին հանգեցրեց մի տխուր իրավիճակի, երբ ադեկվատ և մտածված քաղաքականություն գոյություն չունի: Բոլորն այսօր մտածում են, թե Պուտինն արդյոք հաշվարկե՞լ է բոլոր տարբերակներն ու հնարավորությունները ղրիմյան իրադարձություններից առաջ, թե՞ պարզապես հանկարծակի որոշում է կայացրել:
– Ինչպիսի՞ն է Ադրբեջանի դիրքորոշումը, և ի՞նչն է Ադրբեջանին ձեռնտու ներկայումս:
– Ադրբեջանի դիրքորոշումը միանշանակ չէ: Կա իշխանությունների և հասարակության դիրքորոշում: Հասարակությունն ընդունել է Մայդանն այնպես, ինչպես Հայաստանում է ընդունել հասարակությունը: Իսկ իշխանությունը շատ զգուշավոր մոտեցում է ցուցաբերում, նրանք շատ զգուշավոր գնահատականներ էին տալիս, որպեսզի ուկրաինական զարգացումները չպրոյեկտվեն Ադրբեջանում: Ադրբեջանի համար Ուկրաինան գործընկեր է, բայց Ռուսաստանն էլ մեծ գործընկեր է Ադրբեջանի համար: Ուստի Ադրբեջանի իշխանությունները շատ զգույշ են և շատ ավելի կոշտ հայտարարությունների չեն դիմի՝ մեղադրելով Ռուսաստանին ռազմական ինտերվենցիայի մեջ:







































