Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Անժելա Ս.-ի, Սիրուն Ք.-ի և Արամայիս Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:
Ըստ դատական ակտի՝ վանաձորցիներ, 42-ամյա Անժելան և 48-ամյա Սիրունը, ինչպես նաև 53-ամյա կապանցի Արամայիսը հանցավոր գործունեություն են ծավալել Կապանում:
2012 թվականի ընթացքում Անժելան շահագործման նպատակով խաբեությամբ հավաքագրել, Կապան է տեղափոխել և Կապանի Գործարանային թաղամասում գտնվող ավտոկայանատեղիում պոռնկության շահագործման մեջ է դրել… աղջիկ երեխայի:
Նրան առաջարկել են ավտոկայանատեղիում հանգրվանած… պարսիկ վարորդներին:
Անժելան ու Սիրունը, ըստ մեղադրանքի, տիրացել են երեխայի մատուցած սեռական ծառայությունների դիմաց պարսիկների վճարած գումարներին:
Բացի այդ, Անժելան, գույքային օգուտ ստանալով, նպաստել է երկու և ավելի անձանց՝ Սիրունի և Հ.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Անժելան ապօրինի պահել և օգտագործել է Հ.-ի անձնական կյանքի տեղեկությունները, կատարել է սուտ մատնություն՝ Հ.-ին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության կատարման համար:
Սիրունը, հնագույն մասնագիտությամբ զբաղվելուն զուգահեռ, ըստ մեղադրանքի, վերը հիշատակված երեխային պահել է պոռնկության շահագործման վիճակում:
Երրորդ ամբաստանյալը՝ Արամայիսը, «Կապանի ավտոդպրոց» ՍՊԸ-ի տնօրենն է եղել:
Ըստ մեղադրանքի՝ երկու և ավելի անձանց պոռնկությանը նպաստելու դիտավորությամբ ավտոդպրոցի տարածքում գտնվող ավտոտնակը նա տրամադրել է Անժելային, Սիրունին, Հ.-ին և հավաքագրված անչափահաս աղջկան, ովքեր այնտեղ պարբերաբար սեռական հարաբերություններ են ունեցել պարսիկ վարորդների հետ:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Անժելան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 1-ին մասով, 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 144 հոդվածով, 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և վերջին հաշվով դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման ու 100 հազար դրամ տուգանքի:
Սիրունը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-132.2 հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել 7 տարի ազատազրկման: Սիրունը չի բողոքարկել դատավճիռը:
Արամայիսը պոռնկությանը նպաստելու համար վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկման:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բողոքարկել են Անժելան ու Արամայիսը:
Վերաքննիչ քրեական դատարանում Անժելայի խնդրանքով նոր պաշտպան է ներգրավվել:
Այսօրվա դատական նիստը հետաձգվել է, որ պաշտպանը ծանոթանա քրեական գործի նյութերին:








































