ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հաջորդ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կդառնա այն «կապիտանը», որը ԱՄՆ-ը հաջողությամբ կփրկի Դոնալդ Թրամփի նախագահությունից հետո ժառանգություն մնացած փոթորկից, գրում է The Washington Post-ի թղթակից Յուջին Ջոզեֆ Դիոն-կրտսերը:
Անցած շաբաթ 76-ամյա Բայդենը պաշտոնապես հայտարարեց մրցավազքին մասնակցելու մասին: Հեղինակը նշում է, որ դեմոկրատների շրջանում պայքարը ծավալվում է նրա և սենատոր Բեռնի Սանդերսի միջև, իսկ մնացած դեմոկրատները ստիպված կլինեն մրցակցել հենց նրանց հետ:
Մրցակիցները, որպես բացասական գործոն, կմատնանշեն Բայդենի տարիքը, նշվում է հոդվածում: Նրանք կպնդեն, որ նա չափազանց ծեր է այդ դերի համար: Նախկին փոխնախագահը նաև ստիպված կլինի բացատրություն տալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում աշխատանքի ժամանակ իր քաղաքական գործողությունների, ինչպես նաև վերջերս նրա հասցեին հնչած ոտնձգությունների մեղադրանքների վերաբերյալ: Հեռուստատեսությունում Բայդենի վերջին հայտնվելը ցույց տվեց, որ դա հեշտ չի լինի, գրում է թղթակիցը:








































