Մարտի 2-ից սկսած Ղրիմի իշխանությունների իրավասության տակ են անցել ներքին զորքերի, պետական սահմանապահ ծառայության և Ուկրաինայի զինված ուժերի 5086 զինծառայողներ: Այս մասին, ինչպես փոխանցում է Interfax-ը, հայտարարել է Ղրիմի վարչակազմի ներկայացուցիչը: Աղբյուրի խոսքով՝ այդ բոլոր մարդիկ ինքնակամ անցել են Ղրիմի ժողովրդի կողմը:
Ինչպես հաստատում է տեղի իշխանության ներկայացուցիչը, Ղրիմի կառավարության իրավասության տակ են անցել Եվպատորիայի և Թեոդոսիայի զենիթահրթիռային գնդերի զինծառայողները: «Ղրիմի ժողովրդի կողմն» են անցել նաև ներքին զորքերի գունդը, որը տեղակայված է Սևաստոպոլում, Բալակլավայի սահմանապահ ուղեկալը և առանձին գումարտակ Յալթայում:
Միևնույն ժամանակ այսօր Ուկրաինայի սահմանային ծառայությունը հայտարարել է, որ սահմանապահները վերջին շրջանում ռուս զինվորականների կողմից ենթարկվում են հոգեբանական ճնշման: Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ վերջնագրի ձևաչափով նրանցից պահանջվում է ենթարկվել Ղրիմի նոր ղեկավարությանը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը, իր հերթին, զինվորականներին նախազգուշացրել է, որ զենքի հանձնումն ու տեղակայման վայրը լքելը կդիտվեն որպես հայրենիքի դավաճանություն:








































