«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի կարևորագույն հյուրերից մեկը հանրահայտ հունգարացի ռեժիսոր Բելա Տարն է: Քննադատները նրան հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելօպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական, ճշմարտացի «ֆանտազյոր»: Նրա սև-սպիտակ ֆիլմերը ծայրահեղական են, բացարձակ նոր կինոմատոգրաֆ ստեղծելու փորձ, կարծես՝ կինոյի այս ողջ հարյուրամյա պատմությունը չի էլ եղել: Հռչակավոր ռեժիսորի երևանյան հետահայաց ցուցադրությունների շարքում կներկայացվեն «Նզովք», «Լոնդոնցի մարդը» և նրա վերջին՝ «Թուրինյան ձի» ֆիլմերը: Վերջինս Բեռլինում ներկայացնելով և արժանանալով «Արծաթե արջ» մրցանակին՝ Բելա Տարը հայտարարեց համաշխարհային կինոյից հեռանալու մասին:
«Թուրինյան ձի» ֆիլմի նկարահանման համար շարժառիթ է հանդիսացել Ֆրիդրիխ Նիցշեի լռության տասնմեկ տարիների մասին միֆական պատմությունը: Ռեժիսորը այս ֆիլմը համարում է իր կինոռեժիսորական կարիերայի արժանի ավարտը, քանի որ հենց Նիցշեն է առաջինը խոսել նիհիլիզմի՝ որպես մեր՝ անցյալի իդեալների ու արժեքների կործանման ժամանակաշրջանը բնորոշող գծի մասին: Իսկ Աստծո մահվան ու նիհիլիզմի տեսությունները ոչ միայն գերմանացի փիլիսոփայի, այլև՝ հունգարացի ռեժիսորի ֆիլմերի հիմնաքարն են կազմում: Ինքը՝ Բելա Տարը, չի սիրում, երբ իր ֆիլմերն անվանում են «մետաֆիզիկական» և շրջանցում է փիլիսոփայական ընդհանրացումները: Նա հորդորում է իր հանդիսատեսին չզբաղվել ինտելեկտուալ աշխատանքով, այլ «հավատալ աչքերով ու լսել սրտով»:
«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը՝ շնորհիվ փառատոնի հավատարիմ գործընկերների՝ ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության՝ որպես գլխավոր հովանավոր, և ՀՀ մշակույթի նախարարության՝ որպես պետական աջակից:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո կենտրոն։










































