Մարտի 1-ին ՀԱԿԿ-ի հանրահավաքը բուռն քննարկումներ է առաջացրել ինտերնետ տիրույթում երկու հիմնական պատճառներով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները Մաքսային միությանն անդամակցելու գործընթացի անշրջելիության և Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած, իվանիշվիլիության մասին:
Այս երկու հայտարարությունները արժանացել են հասարակության ակտիվ տարբեր շրջանակների տարաբնույթ արձագանքներին: Բնականաբար, Տեր-Պետրոսյանի համակիրներն էլ, ավանդույթի կամ սովորության համաձայն, ձեռնամուխ են եղել առաջնորդի հայտարարությունները քննադատորեն դիտարկող բոլոր շերտերի հասցեին ավանդական վիրավորանքներին և ծախվածության մեղադրանքներին: Սա արդեն առավել քան բնական արձագանք է: Բնական է այնպես, ինչպես որ բնական էին Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները:
Այս տեսանկյունից, ըստ էության, զարմանալի է հասարակության առանձին շերտերի զարմանքը: Ինչո՞ւ են Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները զարմանալի, եթե դրանք բոլորովին նոր բան չեն, եթե նա արդեն մոտ երկու տարի է՝ զբաղված է ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին ռևերանսներ անելով և, այսպես ասած, ընդդիմադիր կնքելով, իսկ սեպտեմբերի 3-ից հետո էլ պարզ հայտարարել է, որ որևէ քննադատություն Ռուսաստանի հասցեին չպետք է հնչի: Այսինքն՝ դա նշանակում է, որ չպետք է ասել բաներ, որոնք դուր չեն գա Ռուսաստանին:
Լևոն Տեր-Պետրոսյանի այդ հայտարարություններից հետո տեղի չի ունեցել ոչ մի բան, որևէ իրողություն կամ իրադարձություն, որը կարող էր հասարակությանը հիմք տալ մտածելու, թե ՀԱԿԿ-ի առաջնորդը կարող էր այս ընթացքում և՛ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի, և՛ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հարցերում իր կարծիքը փոխել և հանդես գալ այլ դիրքերից, քան մինչ այսօր:
Լևոն Տեր-Պետրոսյանը ասել և արել է այն, ինչով ավելի քան երկու տարի է՝ զբաղված է: Եվ ուրեմն հասարակության զարմանքը լիովին անտեղի է, կամ, այսպես ասած, անսպասելիության արձագանքը լիովին անտեղի է, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թիմը ոչ մի գործողությամբ հիմք չեն տվել հասարակությանը կարծելու, որ կարելի է սպասել ինչ-որ փոփոխություններ իրենց վերջին երկու-երեք տարիների մարտավարության մեջ:
Ավելին՝ զարմանալին այստեղ հենց հասարակության դիրքորոշումն ու վերաբերմունքն է՝ այն իմաստով, որ դեռևս որևէ բան են սպասում այս ուղղությամբ:
Անշուշտ, տեսականորեն կարելի է սպասել ցանկացած քայլ, սակայն գործնականում հասարակությունը զբաղված է ժամանակ վատնելով ավելորդ ու անիմաստ սպասումների վրա:
Խնդիրն այն է, որ ՀԱԿԿ-ն ԲՀԿ-ի հետ, այսպես ասած, հարաբերություններում վաղուց է անցել ռուբիկոնը՝ դեռևս Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի հայտնի զրույցի ժամանակներից: Եվ այսօր ՀԱԿԿ-ը լիովին գտնվում է ԲՀԿ ազդեցության տակ՝ գրեթե հավասարապես այնքան, որքան ԲՀԿ-ն՝ իշխանությունների ազդեցության տակ:







































