Կրեմլում դրական արձագանք է գտել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից միջուկային զենքի ոչնչացման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը, բայց առայժմ տեղեկատվություն չկա այդ նախաձեռնության մանրամասների և բովանդակության վերաբերյալ: Այդ մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը պետք Էէ հրաժարվեն միջուկային զենքից: «Այսօր ես տեսա, թե ինչպես Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարեց, որ ուրախ է Կիմ Չեն Ընի և Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ-ին օգնելու հնարավորության համար: Մենք ցանկանում ենք ազատվել միջուկային զենքից, մենք բոլորս պետք է ազատվենք: Ռուսաստանը պետք է ազատվի դրանից, Չինաստանը պետք է ազատվի դրանից»,- ասել է Թրամփը:
CNN-ը, վկայակոչելով նախագահի վարչակազմի աղբյուրներ, հայտնել է, որ Սպիտակ տունը ինտենսիվ միջգերատեսչական բանակցություններ է վարում, որպեսզի Թրամփին առաջարկի Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ միջուկային սպառազինության կրճատման նոր համաձայնագրի տարբերակներ:
«Գաղափարը հիանալի է, բայց ոչ մի մանրամասնություն չկա: Հասկանալի չէ, թե ինչ բովանդակություն ունի նախաձեռնությունը»,- ասել է Պեսկովը:
Իր հերթին ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է միջուկային զենքից լիովին հրաժարվելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կոչը Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Չինաստանին: «Հաշվի առնելով միջուկային զենքի դերի աճն ամերիկյան դոկտրինային փոստաթղթերում և դրա աստիճանական փոխադրումն այն միջոցների հարթություն, որոնք կարող են կիրառվել մարտի դաշտում, նման հայտարարությունը կարելի է միայն ողջունել»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Ըստ որում Ռուսաստանն ուշադրությամբ ուսումնասիրում է ԱՄՆ-ի կողմից հնչող ազդանշանները Չինաստանի մասնակցությամբ միջուկային զինաթափման հնարավոր եռակողմ համաձայնագրի մասին, հավելել է Ռյաբկովը։










































