ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի հարցով խորհրդակցություններ է անցկացրել Ֆրանսիայի և Կանադայի ղեկավարների հետ: Այս մասին հաղորդել է Սպիտակ տունը՝ փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:
«Ղեկավարները համաձայնել են, որ անհրաժեշտ է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ Օբամայի հեռախոսազրույցների մասին Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Նշված է նաև, որ 3 երկրների ղեկավարները Ուկրաինայի իրավիճակի հարցով «պայմանավորվել են երկկողմ և միջազգային մակարդակներով սերտ համակարգման մասին»:
Նրանք նշել են «համաշխարհային հանրության միասնական մոտեցման կարևորությունը՝ Ուկրաինայի ապագային աջակցելու և երկրում ժողովրդավարության զարգացման գործում», նաև քննարկել են տնտեսության առողջացման և բարեփոխումների իրականացման համար Ուկրաինայի օգնությանն առնչվող հարցեր՝ հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:










































