ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության հետագա խախտումը կազդի միջազգային ասպարեզում Ռուսաստանի դիրքի վրա և նույնիսկ կհանգեցնի մեկուսացման:
Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 90 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում՝ նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
«Նախագահ Օբաման հասկացրել է, որ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետագա խախտումը Ռուսաստանի կողմից կարող է բացասաբար անդրադառնալ միջազգային ասպարեզում Ռուսաստանի դիրքի վրա»,- նշվում է հաղորդագրությունում:
«Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Միացյալ Նահանգները անհապաղ խորհրդակցություններ կանցկացնի ՄԱԿ ԱԽ-ի, Հյուսիսատլանտյան խորհրդի, Եվրոպայում Անվտանգության և համագործակցության հարցերով կազմակերպության և Բուդապեշտյան հուշագիրը ստորագրած իրենց դաշնակիցների և գործընկերների հետ»,- ասվում է հաղորդագրությունում:









































