Грузия Online-ի փոխանցմամբ՝ Կարնեգիի հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը հայտարարել է, որ Վրաստանի ընդդիմությունն արդյունավետ չէ.
«Վրաստանում շատ են ընդդիմադիր կուսակցությունները, սակայն նրանցից քչերն են, որ կապված են միմյանց հետ, և սովորաբար ընդդիմադիր ակցիաները անցկացվում են մեկ առաջնորդով։
2009 թվականին Սաակաշվիլի վարկանիշը Թբիլիսիում շատ ցածր էր, արմատական ընդդիմությունն ընտրել էր փողոցային ակցիաների մարտավարությունը՝ դրանով իսկ կորցնելով շատ համակիրների։ Իշխող ընտրանին սպասեց ակցիայի ավարտին և դրանից հետո դարձավ ավելի ուժեղ։
Նախագահն անձամբ, խոսելով ընդդիմության մասին, կատակեց, որ եթե ինքը լիներ ընդդիմության շարքերում, ապա երկու ամսում իշխանափոխություն կիրականացներ։ Ընդդիմությունը չունի 2003 թվականի Սաակաշվիլիի իր տարբերակը, որպեսզի նրան հակադրի 2011 թվականի Սաակաշվիլիին։
Ներկայիս դրությամբ վրացական ընդդիմության երկու ամենակարկառուն առաջնորդները Իրակլի Ալասանիան և Գիորգի Թարգամաձեն են։ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում Ալասանիան 19 տոկոսով զիջեց գործող քաղաքապետ Գիգի Ուգուլավային։ Այդպիսով, նրան չհաջողվեց հզոր քայլ կատարել՝ որպես հասարակական քաղաքական գործիչ։
Ինչ վերաբերում է Քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդ Թարգամաձեին, ապա նա գալարապտույտ կենսագրություն ունի, քանի որ տարբեր ժամանակներում աշխատել է մի շարք չսիրված գործիչների մոտ, ինչպիսիք են Ասլան Աբաշիձեն և Բադրի Պատարկացիշվիլին։
Եվ վերջապես, ի տարբերություն իշխող կուսակցության, ընդդիմությունը միջոցների սուր կարիք է զգում»։










































