ՀՀԿ գրասենյակի մոտ հավաքված 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) շուրջ 50 բնակիչներ բողոքի ակցիա անցկացրին մի քանի ժամ շարունակ:
Այսօր կայացավ ՀՀԿ ԳՄ նիստը, որի ողջ ընթացքում բնակիչները չլքեցին կուսակցության շենքի հարակից հատվածը՝ պահանջելով հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, քանի որ իրենք շուրջ 7 տարի զրկվել են իրենց բնակարաններից և բնակվում են վարձով՝ տնից տուն փոխադրվելով: Նրանց պնդմամբ՝ իրենց չեն փոխհատուցել նույնիսկ իրենց վարձով բնակության վայրի վերջին ամիսների վարձավճարները:
Բողոքի ակցիան զուգորդվեց նաև միջադեպերով: Բնակիչներից մի կին, վշտից կորցնելով ինքնատիրապետումը, փորձեց Մելիք-Ադամյան փողոցի մեջտեղում դանակով վերջ տալ կյանքին, բոլոր բնակիչները լցվեցին փողոց՝ բղավելով պահանջելով լուծել իրենց խնդիրները: Ոստիկանները կարողացան բնակիչներին հեռացնել տարածքից, իսկ տիկնոջ ձեռքից վերցնել դանակը:
Սակայն բնակիչները չհանդարտվեցին, սպասեցին, որ ավարտվի նիստը, որպեսզի հանդիպեն Սերժ Սարգսյանի հետ, սակայն ապարդյուն: Նրանք Սարգսյանին ՀՀԿ շենքից ճանապարհեցին «նախագահ», «խիղճ ունեցեք», «մենք որբ ենք» բացականչություններով:
Բնակիչներին դիմավորեց ՀՀ կառավարության դիմումների և նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը որևէ հստակ պատասխան չտվեց բնակիչների բողոքին: Առաջարկում ենք բողոքի ակցիայի մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:












































